Մարտի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Օլե Էգբերգ Միկկելսենին (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է Օլե Էգբերգ Միկկելսենին պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ավանդը կունենա հայ-դանիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու գործում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ առանձնակի շեշտելով առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։
ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին համապարփակ տեղեկատվություն է հաղորդել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի և առաջացած հումանիտար ճգնաժամի մասին: Վերջինս այս առնչությամբ կարևորել է միջազգային հանրության հնարավորինս լայն աջակցությունը:
ԱԳ նախարարի տեղակալն ու Դանիայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։