Կառավարությունը միաձայն ընդունեց Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունը։ Նախագիծն առաջարկում է ավելացված արժեքի հարկի վերադարձը եռամսյակայինի փոխարեն դարձնել ամենամսյա։ Բիզնեսն այդկերպ կարող է ավելի արագ տնօրինել իր փողը՝ նպաստելով տնտեսության զարգացմանը՝ բացատրեց ՊԵԿ նախագահը։ Գործադիրի ղեկավարն էլ հիշեցրեց՝ 2018-ի մայիսի դրությամբ ԱԱՀ-ն 6 ամիսը մեկ էր վերադարձվում, Կառավարությունն էլ 260 միլիարդ դրամի կուտակված պարտք ուներ տնտեսվարողներին։
Տասնամյակներով կուտակված ֆինանսական բեռը պետությունը մարեց 2019-ին՝ նկատեց վարչապետը։ Գլխավոր հարկահավաքն էլ թվերով խոսեց՝ ընթացիկ միջին ցուցանիշը մեջբերելով։
Թե՛ ԱԱՀ-ի, թե՛ շահութահարկի հարցում Կառավարությունը վերջին երկու տարում լուրջ փոփոխություններ է արել, շեշտեց փոխվարչապետը, ասաց՝ այսկերպ վերադարձվող գումարները դառնում են այլընտրանք վարկային միջոցներին։
Թեմայի քննարկմանը միացավ ֆինանսների նախարարը, ասաց՝ սա ազդակ պետք է լինի արտադրողականության ցուցանիշի բարձրացման համար։ Վարչապետն էլ նկատեց՝ բիզնեսը շատ հաճախ չի հասկանում բառի իմաստը, մինչդեռ այս հարցում Հայաստանի թվերը գոհացնող չեն։ Արտադրողականությունը, որ հաշվում են մեկ աշխատողի 1 ժամվա ընթացքում ստացած արդյունքով, մեր երկրի դեպքում միջինում կազմում է 6 դոլար։ ԵԱՏՄ, նաև զարգացած երկրների համեմատ սա շատ ցածր ցուցանիշ է՝ ասաց Փաշինյանը։
Խնդիրները լուծելու համար էլ էկոնոմիկայի նախարարությունն է հիմա ծրագրեր գրում, որ խոշոր ու միջին բիզնեսին խորհրդատվության, նաև տեխնոլոգիական օգնություն ցույց տա՝ արտադրողականության ցուցանիշը բարելավելու համար։ Ոլորտի նախարարը մեկ այլ հարցով էլ առաջարկեց «Էնջինփրոջեքթ քոմ»-ին ներառել «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում։ Ընկերությունը նախատեսում է բարձր վարձատրվող 11 աշխատակից ունենալ։ Ըստ նախարարի՝ Հրազդանում գործող ազատ տնտեսական գոտու նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է։
Կառավարության հավանությամբ «ՋիԷմ քոնսթրաքշն» ընկերությունն էլ Շինարարների 23-ի 1-ին հասցեում երկու բազմաբնակարան կկառուցի։ Առաջին փուլով առաջին շենքում բնակարան կստանան հարևանությամբ գտնվող երրորդ կարգի վթարայինի՝ Շինարարների 23-ի բնակիչները։ Ապա կառուցապատողը կապամոնտաժի նաև այդ շենքը, կկառուցի երկրորդ 18- հարկանին։
Բնակֆոնդի թարմացումը կարևոր համարեց նաև վարչապետը, նկատեց՝ այս կերպ կարելի է լուծել վթարայինների հարցը։ Պետական միջոցներով ամբողջ խնդիրը լուծելու հնարավորություն չունի, բայց մասնավորի հետ աշխատելով՝ վթարայինների փոխարեն նորակառույցներ կարող են լինել։
Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն էլ տեղեկացրեց՝ վերջին ուսումնասիրությունների արդյունքում հանրապետությունում 600-ից ավելի երրորդ և չորրորդ կարգի վթարայիններ կան, որից 95-ը հենց վերջին կարգի են, հիմնականում Երևանում, Լոռիում, Շիրակում։