Վրաստանում Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը վաղը՝ մարտի 12-ին, աշխատանքային այցով կմեկնի Թբիլիսի և կմասնակցի իշխանության ու ընդդիմության միջև երկխոսությանը: Այս մասին այսօր հայտարարել են Թբիլիսիում ԵՄ ներկայացուցչությունից՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը Թբիլիսի կայցելի մարտի 12-ին և այնտեղ կմնա մինչև մարտի 14-ը: Կուսակցությունների միջև երկխոսությանը մասնակցելուց բացի, Դանիելսոնը կհանդիպի նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և քաղաքացիական հասարակության երեք ներկայացուցիչների հետ»,- նշվում է ԵՄ ներկայացուցչության կայքի հաղորդագրության մեջ: