ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարչության պետ Ռոմելլա Աբովյանը չի բացառել, որ COVID-19-ով վարակվածության արագ տեմպով ավելացման դեպքում սահմանափակումներ մտցվեն:
Ըստ նրա՝ հունվարի 15-ից հետո անվտանգության կանոնները չեն պահպանվում, մարդիկ դիմակ չեն կրում, փակ տարածքներում սոցիալական հեռավորությունը չի պահպանվում: «Եթե մենք՝ բնակչությունը, տնտեսվարողները, պահպանենք անվտանգության կանոնները, որևէ սահմանափակումների գնալու կարիք չի լինի: Եթե իրադարձությունները շարունակվեն այնպես, ինչպես երեկ, որ մեկ օրում 700-ից ավելի դեպք արձանագրվի, բնականաբար, չի բացառվում, որ կարող ենք դիմել արդեն այլ սահմանափակող միջոցառումների»,- ասել է նա: