Հասարակական տրանսպորտի վարորդը դիմակով չէր, կազմակերպությունը կենթարկվի պատասխանատվության. վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի համաձայն՝ նախատեսված է նախազգուշացումից մինչև 300 հազար դրամ տուգանք: Եթե դեպքը երկրորդ անգամ է կրկնվում՝ տուգանքը 150-ից մինչև 500 հազար դրամ է:
Վարդգես Ռուբենյան (ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի մասնագետ) - Շուրջ 20 արձանագրություն է կազմվել այսօր՝ տարբեր խախտումներով: Եղել են առանց դիմակ վարորդներ, ուղևորներ, կային տրանսպորտային միջոցներ, որոնցում բացակայում էր իրազեկման թերթիկ, ախտահանիչ միջոցներ: Ամբողջը արձանագրված է:
Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմինը, ինչպես նաև քաղշին տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչությունը՝ ճանապարհային ոստիկանության հատուկ կարգախմբերի ուղեկցությամբ առավոտից ստուգայցեր էին անցկացնում: Ստուգում էին հասարակական տրանսպորտում հակահամաճարակային կանոններին հետևու՞մ են, թե՝ ոչ:
Գոռ Հարությունյան (ՔՏՀԱՏՄ տրանսպորտի անվտանգության վարչության փորձագետ) - հիմնականում բնույթը հասարակական տրանսպորտում դիմակների կրելու առկայության հետ կապված է, ալկոգելի, ախտահանիչ նյութերի առկայության: Համավարակի հետ կապված մի քիչ թուլացել է քաղաքացիների կողմից դիմակ կրելու առկայությունը:
Տեսչական մարմիններն ամեն օր են իրականացնում և իրականացնելու ստուգայցեր, որպեսզի համաճարակի տարածմանը նպաստող ռիսկերը նվազեցվեն: Ասում են՝ արդյունքն արդեն տեսանելի է: Պարզ չէ՝ վարորդներն են միմյանց տեղեկացնում ստուգումների մասին, թե՝ ընդհանուր առմամբ զգոնությունն է ուժեղացել, կարևորն արդյունքն է:
Մագթաղ Հովհաննիսյան (ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի բժիշկ-հիգիենիստ) - ավելի շատ հանդիպում են մեքենաներ, որոնց վարորդները արդեն կրում են դիմակ:
Իսկ եթե հասարակական տրանսպորտում ուղևորնե՛րը չեն կրում դիմակ, պատասխանատվությունը դարձյալ տրանսպորտային ընկերությանն է: Այդ պատճառով տեսուչները վարորդներին հորդորում են առանց դիմակ ուղևորներին թույլ չտալ նույնիսկ տրանսպորտ նստել, և որ պակաս կարևոր չէ՝ գերծանրաբեռնված չերթևեկել: