«Միկա» մարզահամալիրում տեղի է ունեցել Հայաստանի կարատեի մեծահասակների 33-րդ առաջնությունը: Չեմպիոնի կոչման համար պայքարել են Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի անդամ ֆեդերացիաների և ակումբների ուժեղագույն մարզիկները՝ հանրապետության մարզերից, Երևանից և Արցախից:
Կատա մրցակարգում չեմպիոն է դարձել Միխայիլ Մխիթարյանը (Արցախի կարատեի ֆեդերացիա), Կումիտե մրցակարգի աղջիկների պայքարում լավագույնի կոչմանն արժանացել են Ելենա Գասպարյանը (-50 կգ քաշային կարգ, «Champions» ակումբ), Անիտա Մակյանը (-68 կգ, Սյորինրյու կարատեի ֆեդերացիա), իսկ տղաների պայքարում՝ Գեղամ Նիկողոսյանը (-60 կգ, «Champions» ակումբ), Սերգեյ Դալլաքյանը (-67 կգ, Վադորյու կարատեի ֆեդերացիա), Դավիթ Մակյանը (-75 կգ, Սյորինրյու կարատեի ֆեդերացիա), Մկրտիչ Ղազարյանը (-84 կգ, Երևանի մարտարվեստների ակումբ), Ազատ Գալստյանը (+84 կգ, Երևանի մարտարվեստների ակումբ):
Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Վարդանյանի խոսքով՝ առաջնությունն անցել է միջազգային չափանիշներին համապատասխան:
«Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկարատև դադարից հետո սա մեր առաջին խոշոր միջոցառումն էր, որը, կարելի է ասել, հայկական կարատեի զարգացման նոր փուլի մեկնարկն էր: Մրցաշարն անցավ միջազգային չափանիշներին համապատասխան՝ և՛ մրցավարության տեսանկյունից, և՛ մարզիկների տպավորիչ ելույթների: Շատ գրագետ և պրոֆեսիոնալ մենամարտերի ականատես եղանք: Հույս ունենք, որ չեմպիոններն իրենց բարձր կարգը կկարողանան ցուցադրել նաև ամռանը Փարիզում կայանալիք մրցաշարում, որն Օլիմպիական խաղերի համար լինելու է վարկանիշային»,- ասել է Կարեն Վարդանյանը և հավելել, որ այժմ հայ կարատեիստները սկսելու են ուսումնամարզական հավաքներ՝ նախապատրաստվելով աշխարհի և Եվրոպայի առաջիկա առաջնություններին: Չնայած բացառված չէ, որ համավարակով պայմանավորված՝ դրանք չեղարկվեն: