Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական՝ 20-րդ նիստը:
Նիստի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է միջգերատեսչական հանձնաժողովի բոլոր անդամներին Համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի և դրա ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում կհաստատվի նաև ճանապարհային քարտեզի երկրորդ հատվածը, որը ներառում է այս տարվա մարտի 1-ից ուժի մեջ մտած դրույթների վերաբերյալ միջոցառումներ:
Օրակարգի շրջանակներում նիստի ընթացքում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ներկայացրել է Համաձայնագրի «Առևտուր և առևտրին առնչվող հարցեր» 6-րդ մասով նախատեսված տնտեսական համագործակցության վերաբերյալ զեկույցը: Զեկույցը ներառում էր այդ մասին բոլոր 12 գլուխներից յուրաքանչյուրի (Ապրանքների առևտուրը, մաքսային ոլորտը, Առևտրի տեխնիկական խոչընդոտները, Սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները, Ծառայությունների առևտուրը, հիմնադրումը և էլեկտրոնային առևտուրը, Ընթացիկ վճարումները և կապիտալի տեղաշարժը, Մտավոր սեփականությունը, Պետական գնումներ, Առևտուրը և կայուն զարգացումը, Մրցակցություն, Պետական ձեռնարկությունները և Թափանցիկությունը) կիրարկման ընթացքը:
Այնուհետև զեկույցով է հանդես եկել արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, որը ներկայացրել է Արդարադատության նախարարության համակարգման ոլորտում գտնվող Ճանապարհային քարտեզով նախատեսված 2020 և 2021 թվականների միջոցառումների կարգավիճակն ու իրականացման ընթացքը:
Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել ներկայացված զեկույցների վերաբերյալ, որից հետո զեկուցողները պատասխանել են նիստին ներկա միջգերատեսչական հանձնաժողովի անդամ հանդիսացող Ազգային ժողովի պատգամավորների հարցերին: