Եվրախորհրդարանում քննարկել են Վրաստանում տիրող քաղաքական իրավիճակը: Կառույցի լիագումար նիստի ընթացքում Վրաստանի քաղաքական զարգացումների մասին զեկուցել է արտաքին և անվտանգության հարցերով Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ գրում է aliq-ը:
«Ցավոք սրտի, երկրում գոյություն ունեցող քաղաքական իրավիճակը վրդովմունք է առաջացնում աճող բևեռացման պատճառով: Իրավիճակը ռիսկեր է ստեղծում Վրաստանի ժողովրդավարության համար: Այս պահին կարևոր է, որ բոլոր կուսակցություններն ամեն ինչ անեն իրավիճակի լիցքաթափման նպատակով»,- հայտարարել է Բորելը:
Եվրախորհրադարանի պատգամավոր Դևիդ Մակալիստերը ևս մեկ անգամ բարձրաձայնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կազմված՝ վեց կետից բաղկացած հարցերը, խոսել է դրանց իրականացման կարևորության մասին:
Իրավիճակին քննադատական գնահատական է տվել եվրապատգամավոր Անա Ֆոիգան: Նա հայտարարել է, որ Վրաստանից 2019 թվականից հետո «շատ վատ նորություններ են լսում»։
Բոլոր մնացած պատգամավորներն, իրենց հերթին, խոր վրդովմունք են հայտնել՝ հիմնականում շեշտը դնելով նախորդ տարվա մարտի 8-ի համաձայնագրի վրա, որը ոչ միայն չի իրականացվել, այլև դրանից հետո երկրում իրավիճակն ավելի է վատթարացել: