Համայնքային բյուջեի 2020թ. կատարողականն ավելի քան 101 տոկոս է։ Բավականին բարձր ցուցանիշներ է ապահովել Գյումրին 2020-ին, թեև կորոնայով պայմանավորված՝ ՊՈԱԿ-ների վարձակալական վճարներից մուտքեր չեն ունեցել։
2021թ. Գյումրի քաղաքի բյուջեն՝ 137 մլն դրամով ավելի կլինի, մոտավորապես 5 մլրդ 375 մլն դրամի կարգի։ Բյուջեի ավելացմանը զուգընթաց՝ ծախսերը նույնքանով ավելանում են։ Քաղաքապատկան 23 մանկապարտեզի դրամական նվիրատվություններ հատկացրեց ավագանին, ապա վերանայեց քաղաքապետարանի հաստիքացուցակը։
Սոցիալական աջակցության Գյումրի 1 և Գյումրի 2 համայնքային ծառայողների 28 անուն հանվեց հաստիքացուցակից։
Դահլիճից հարց հնչեցրին, թե հիմա ով և ինչպես է այդ ծառայությունները մատուցելու։ Մատուցվելու է ուղիղ, առանց քաղաքապետարանի միջնորդության՝ հնչեց պատասխանը։
Արագացված ընթացակարգով լսվեց և հավանության է արժանացավ 2 մլն 700 հազար դրամի չափով քաղաքի բյուջեից գումարի դուրսգրման հարցը՝ փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու համար։ Վարչական դատարանում, ընդդեմ Գյումրու համայնքապետարանի, 54 մլն դրամի բռնագանձման գումարի հայց կա։ Հայցվորը ռեստորանատեր է։ Այնուհետ նոր հայց է ներկայացրել՝ պահանջելով չաշխատած տարիների համար փոխհատուցում։
Հովհաննես Գրքիկյանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրոք զբաղեցնում էր քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետի պաշտոնը։
Ավագանին քննարկեց նաև հողհատկացման, այլ նվիրատվությունների և սուբվենցիոն ծրագրով Անի թաղամասում փողոցաշինական աշխատանքների մեկնարկին վերաբերող հարցեր։