Կարմիր ժապավենով բացվեց ոչ միայն նոր մարզադահլիճի, այլև մեծ սպորտ տանող դուռը: Սա Դիլիջան խոշորացված համայնքի ամենամեծ գյուղի՝ Հաղարծնի, 556 աշակերտ ունեցող դպրոցի 2-րդ` երկար սպասված մարզադահլիճն է:
Վարդուհի Հովհաննիսյան (Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհի) - Տարիներ շարունակ աշխատել ենք մի մարզադահլիճում, 1-12-րդ դասարանցիները խաղացել են միևնույն դահլիճում, ամեն դասարանի բաժին է ընկել 10-15 րոպե, իսկ հիմա տարիների երազած նվեր էր:
Այն վերակառուցվել, հիմնովին նորոգվել և կահավորվել է ռուսաստանաբնակ հաղարծինցի Կարեն Գրիգորյանի բարերարությամբ; Երկու տարի առաջ սկսված շինարարությունը համավարակը և պատերազմը ընդհատել էին, ավարտին հասցրին վերջին մի քանի ամիսներին; Մարզադահլիճը սովորական չէ, առանձնանում է պրոֆեսիոնալ ռինգով, խոշորացված համայնքում՝ առաջինը; Թեև մարզադահլիճը նախատեսված է 1-4-րդ դասարանցիների համար, սակայն այստեղ կանցկացվեն նաև բռնցքամարտի պարապմունքներ:
Արթուր Վանեսյան (Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ) - Ողջունելի է, որ գյուղական դպրոցները նման հնարավորություններ ունենան, ֆիզիկական դաստիարակությունից բացի սա նաև հնարավորություն է և լավ հնարավորություն, մեծ սպորտի քայլեր ձեռնարկել:
Այդ մարզաձևն արդեն գրավել է փոքրերին:
Արտյոմ Բեգլարյան (Հաղարծնի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ) - Որ ուժեղանամ, կարողանամ ինքնապաշտպանվել, ինչու չէ, նաև պաշտպանել ինձնից փոքրերին կամ թույլերին:
Դիլիջանի մարզադպրոցի հաղարծինցի մարզիչ Սուրենը հավակնոտ ծրագրեր ունի, ռինգի հարթակում երեխաները վստահ են զգում իրենց.
Սուրեն Մանուչարյան (Դիլիջանի մարզադպրոցի բռնցքամարտի մարզիչ) - Մեր նպատակն էն է, որ մեր գյուղից լավ մարզիկներ դուրս գան, որ Հայաստանում նվաճումներ ունենանք, հետագայում դուրս գանք Եվրոպա, աշխարհի, օլիմպիական խաղերի: Մեր երեխեքը բնականից հզոր են ֆիզիկապես:
Դպրոցի մարզական լավ ավանդույթները, սպորտային տարբեր մրցախաղերից աշակերտների բերած մրցանակները ամրապնդում են այդ հույսը: