Ազգային ժողովում քննարկվում է «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը: Նիստը նախագահող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ միջազգային կառույցների ներկայացուցիչները հրաժարվել են ներկա լինել քննարկմանը անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաշվի առնելով ԱԺ շենքի հարևանությամբ տիրող իրավիճակը:
Պատգամավորը տեղեկացրեց, որ նիստը դռնբաց կլինի միայն 15 րոպե, ապա այն կշարունակվի փակ ռեժիմով:
Ն.Բաղդասարյանի խոսքով՝ պետք է հստակեցվի անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակը ոչ թե իրավական ակտերով, այլ մեկ փաստաթղթով: «Ցավոք, 44-օրյա պատերազմից հետո ունենք իրավիճակ, երբ անհայտ կորածների հարազատներն ունեն սոցիալական երաշխիքների, իրենց հարազատի կարգավիճակից բխող խնդիրներ, որոնց մենք բախվում ենք ամենօրյա ռեժիմով»,- նշեց նա:
Պատգամավորն ասաց, որ նախագիծը գտնվում է սաղմնային փուլում, և այն պետք է լրամշակվի: Նա տեղեկացրեց, որ օրինագիծը դեռ շրջանառության մեջ դրված չէ, և նրանք, ովքեր կցանկանան առաջարկություններ ներկայացնել, միանալ հեղինակներին, այդ հնարավորությունն ունենալու են: «Կառավարությունը՝ արդարադատության նախարարությունը ևս, նախագիծ ունի անհայտ կորած անձանց վերաբերյալ, որն ուզում է շրջանառության մեջ դնել, և մենք կարող ենք համադրել, ներկայացնել մեր մոտեցումները՝ ամենևին նպատակ չունենալով անպայման դառնալ նախագծի հեղինակ»,- ասաց Բաղդասարյանը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ նախագծի գլխավոր նպատակը պետք է լինի անհայտ կորած անձանց հարազատներին տեղեկատվությամբ ապահովելը նրանց ճակատագրի և գտնվելու վայրի մասին: Նա նշեց, որ դրան հասնելու համար անհրաժեշտ են ուսումնասիրություններ, հատկապես՝ անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ ուսումնասիրություններ, ինչպես նաև անհայտ կորածների հարազատների աջակցությունն այդ ժամանակահատվածում:
ՊՆ իրավաբանության վարչության պետ Սասուն Սիմոնյանը նշեց, որ անհայտ կորած անձանց մասով օրենսդրությունն արդեն ունի որոշակի կարգավորումներ, չկա միայն դրույթ հիմնական կարգավիճակի մասին: Նրա խոսքով՝ կան կարգավորումներ անհայտ կորածների ընտանիքների սոցիալական պաշտպանության մասով, իսկ անձի անհայտ բացակայությունը հստակեցվում է դատական ակտի հիման վրա:
ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ առանձին օրենքով անհրաժեշտություն չեն տեսնում կարգավորել անհայտ կորածի կարգավիճակը:
Նա հիշեցրեց, որ 2020-ի դեկտեմբերին Կառավարության օրենսդրական նախաձեռնության հիման վրա ԱԺ-ն ընդունել է Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով կրճատվել է անձին անհայտ կորած ճանաչելու համար դատարան դիմելու գործընթացը: