Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է բռնազավթված Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների:
ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են տեղահանված գյուղերի բնակիչներին ԱՀ այլ բնակավայրերում բնակեցնելու հարցերը: Երկրի ղեկավարի խոսքով՝ ԱՀ իշխանությունների մոտեցումը համայնքների՝ համապարփակ բնակավայրերով պահպանումն է, իսկ առանձին դեպքերում հնարավոր են նաև այլ որոշումներ: Որոշ համայնքներ արդեն իսկ կողմնորոշվել են, և նախագծային աշխատանքների ավարտից հետո շինարարական աշխատանքներ կսկսվեն Ասկերանի շրջանի Նորագյուղ, Խնածախ, Իվանյան գյուղերում:
Հադրութցիների հետ հանդիպմանը քննարկվել են նաև սոցիալական բնույթի հարցեր: Շրջանի ճակատագրի վերաբերյալ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ԱՀ տարածքային ամբողջականության վերականգնման քաղաքական ճանապարհը իշխանությունների օրակարգի կարևոր հարցերից է: