Արցախում սահմանային նոր հսկիչ կետ է տեղադրվել:
«Ի գիտություն Արցախի Հանրապետության տարածք ապրանքանյութական արժեքներ ներմուծող և արտահանող տնտեսվարող սուբյեկտների` պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով կառավարության որոշմամբ դադարեցվել է սահմանային հսկիչ կետերի գործունեությունը և ստեղծվել նոր հսկիչ կետ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցի 3-րդ նրբանցքում:
Հորդորում ենք բոլոր տնտեսվարող սուբյեկտներին սույն թվականի մարտի 15-ից սկսած հանրապետության տարածք ապրանքանյութական արժեքներ ներմուծելու կամ հանրապետության տարածքից արտահանելու դեպքում դրանք հաշվառել հսկիչ կետում:
Հսկիչ կետում հաշվառված ապրանքանյութական արժեքների մասով տնտեսվարող սուբյեկտները կազատվեն լրացուցիչ հարկային պարտավորություններից: Նշված տեղեկատվությունը նաև թույլ կտա պետական մարմիններին ճշգրիտ պատկերացում կազմել արտաքին ապրանքաշրջանառության ծավալների վերաբերյալ, ինչն էլ հիմք կհանդիսանա հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի կազմման համար»,- հայտնում է ԱՀ ՊԵԿ-ը: