Օնիկ Գասպարյանին՝ պաշտոնից ազատելու որոշման ուժի մեջ մտնելուց հետո «Լուսավոր Հայաստանը» փակում է իշխանության հետ հուշագիր կնքելու թեման։ Խմբակցության ղեկավարն ասում է՝ Փաշինյանն օդում թողեց ընդդիմությունից մեկնած ձեռքը։ Մինչդեռ իրենց տարբերակն ստեղծված ճգնաժամից դուրս գալու միակ ճանապարհն էր՝ վստահ է Մարուքյանը, որ վարչապետին առաջարկել էր հրաժարվել Գասպարյանին պաշտոնից ազատելուց, դրա դիմաց «Լուսավոր Հայաստանը» հուշագիր կստորագրեր, Փաշինյանի հրաժարկանի դեպքում թեկնածու չէր առաջադրի, խորհրդարանը կցրվեր, կլիներ արտահերթ։
Էդմոն Մարուքյան. ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար - Այս փուլում այն առաջարկությունը, որ ներկայացրել ենք, ժամանակավրեպ է: Նոր առաջարկություն, եթե ունենանք, կունենանք հետո, հիմա ես ձեզ պատասխանում եմ, բայց արտահերթը մեր օրակարգում է և վարչապետը կարող է գնալ արտահերթի
Մարուքյանը նկատում է՝ արտահերթ ընտրությունների թեման կարմիր գծով անցնում է նաև գլխավոր շտաբի այսօրվա հայտարարություններում։ Կառավարության հրաժարակի մասին իր վերջին ուղերձում գրել է Օնիկ Գասպարյանը, նույն միտքը վերհաստատել է նաև զինված ուժերի ղեկավար կազմը։
Էդմոն Մարուքյան - Արտահերթի օրակարգը Զինված ուժերի օրակարգ է:
Զինվորականների հայտարարությունն ու արտահերթն իրար հետ պետք չէ կապել՝ կրկին շետում է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ու նկատում՝ ընտրության թեման դեռ փակ չէ, քաղաքական կոնսուլտացիաները շարունակվում են։
Քաղաքական ուժերի խորհրդակցություններից, սակայն, առայժմ Փաշինյան-Մարուքյան հանդիպումն է կայացել։ Վարչապետը, թեև հրավեր ուղարկել էր նաև խորհրդարանական երկրորդ ուժին, «Բարգավաճ Հայաստանից մինչև հիմա հրապարակային չեն արձագանքել։ Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը «Լուրերին» փոխանցեց՝ կուսակցության քաղխորհուրդը հարցը չի քննարկել, որոշում չունի, խմբակցությունն առաջնորդվում է իր օրակարգով։ Իսկ ԲՀԿ-ն դեռ փողոցային պայքարի մեջ է՝ միացած Փաշինյանի հրաժարականը պահանջող՝ Բաղրամյանն ու Դեմիրճյանը փակած «Հայրենիքի փրկության շարժմանը»։
Սեղանի շուրջ նստել, երկխոսության գնալ՝ փողոցում պայքարող իր գործընկերներին կոչ է անում նաև Անդրանիկ Քոչարյանը։ Պաշտպանության հարցերի հաձնաժողովի նախագահի համոզմամբ՝ ԱԺ հենց այն մարմինն է, որ կարող է հարցին լուծում տալ, բայց լուծումն էլ տրամաբանված պետք է լինի, որ հոնքն ուղղելու տեղն աչքը չհանի։
Անդրանիկ Քոչարյան, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ - Ակցիաների արանքում պետք է չմերժեն, նստեն քննարկեն:
Քոչարյանն ասում է՝ արտահերթի հուշագիրը նախապայման է, որ քաղաքական ուժերն իրար չեն ոչնչացնելու, վիճակը չեն սրելու։ Իսկ այն որ ԱԺ դարպասներից այն կողմ դրությունը լարվում է, ընդունում է, բայց նկատում է՝ 17 ուժերի վարչապետի թեկնածուն է սրում իրավիճակը, փորձում բախումներ հրահրել։
Գլխավոր շտաբի պետի խնդիրն իրավաբանորեն լուծված է՝ պնդում է Քոչարյանը։ Պատգամավորի խոսքով՝ հիմա բանակը պետք է զբաղվի իր անմիջական գործով, ոչ թե հետպատերազմյան շրջանում խառնվի քաղաքականությանը, դառնա որոշ ուժերի՝ հակասահմանադրական կոչերի հասցեատերը։
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը, սակայն կարծում է՝ գնդակն հիմա իշխանության դաշտում է, հրաժարականով վարչապետը կարող է լուծել խնդիրը։ Արտահերթի ու հուշագիր ստորագրելու թեմայով ԲՀԿ առաջնորդի հետ առայժմ Մարուքյանն էլ քննարկում չի ունեցել, ասում է՝ սպասում էին Ծառուկյան-Փաշինյան հանդիպմանը։