Ազգային ժողովում «Անհետ կորած անձանց մասին» օրենքի շուրջ քննարկումը լրատվամիջոցների համար ընդամենը 15 րոպե էր բաց: Խնդիրը նոր չէ՝ հնարավոր օրինագծի վերաբերյալ խոսակցությունները Հայաստանում դեռ 90-ականներից կան: Չնայած որոշակի աշխատանքներին՝ մինչև այժմ Անհետ կորած անձանց և նրանց հարազատների իրավունքները պաշտպանող առանձին օրենք գոյություն չունի: Քննարկումից հետո այն նախաձեռնած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հայտարարեց՝ բազմաթիվ բաց հարցեր կան:
Նազելի Բաղդասարյան (ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Անհետ կորածների հարազատները այսօր խնդրի են բախվում, որ սոցիալական երաշխիքների մասով, երբ պետությունն ունի հստակ գործիքակազմ, այժմ դա ֆիքսված է Կառավարության մասով: Երկրորդը. երբ դիմում են դատարան, ում վրա են մնում դատական ծախսերը: Ինձ համար նաև անընդունելի է:
Անհետ կորած անձանց հարազատների համար հաճախ տեղեկություն ստանալու միակ աղբյուրը համացանցն է մնում, ինչը երբեմն տարբեր շահարկումների պատճառ է դառնում: Օրենքը պետք է այս հարցն էլ կարգավորի: Այն նաև հստակեցնելու է «անհետ կորած անձ» եզրույթը:
Օրենքը վերաբերելու է ոչ միայն 44-օրյա պատերազմում անհետ կորածներին, այլև Արցախյան առաջին պատերազմի այն մասնակիցներին, որոնց գտնվելու վայրը մինչև օրս հայտնի չէ: Թե կոնկրետ քանի հոգու է վերաբերելու կարգավորումը՝ դեռ հստակ թիվ չկա: Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքները մինչև օրս շարունակվում են:
Մոտ 250 աճյուն այժմ նույնականացման փուլում է: