Վերադառնալով Իրաք կատարած առաքելական ճանապարհորդությունից՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նախ երախտագիտություն է հայտնել Աստծուն, որը հնարավորություն տվեց այցելել Իրաք ու կիսել «այդ խոշտանգված մարդկանց տառապանքները»՝ հայտնում է Reuters-ը: Այնուհետև սրբազան քահանայապետը երախտագիտություն է հայտնել Իրաքի նախագահին ու կառավարությանը, երկրի հոգևոր առաջնորդներին, ինչպես նաև եկեղեցիների սպասավորներին և հավատացյալներին:
«Պատերազմին չպետք է պատասխանել ևս մեկ պատերազմով, զենքին՝ մեկ այլ զենքով»,- ասել է Հռոմի պապը: Նրան հետաքրքրել է, թե «ո՞վ է զենք վաճառել ահաբեկիչներին: Ո՞վ է այսօ՛ր զենք վաճառում ահաբեկիչներին, որոնք սպանում են տարբեր վայրերում»:
Կաթոլիկների հոգևոր առաջնորդն զգուշացրել է, որ «պատերազմը հրեշ է, որ ժամանակի հետ փոխվում է և շարունակում կուլ տալ մարդկությանը»: Հովվապետի համոզմամբ՝ «Իրաքի մարտահրավերը եղբայրությունն է, Մերձավոր Արևելքի համար էլ է եղբայրությունը, աշխարհի համար էլ»: Ըստ Ֆրանցիսկոս պապի՝ Իրաքը խաղաղ ապրելու իրավունք ունի: Նա բոլորին հրավիրել է աղոթելու դրա համար: