Գերմանիայի Եվրոպայի հարցերով պատասխանատու նախարար Միշել Ռոթը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է ունեցել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահներ Փերվին Բուլդանի և Միթհաթ Սանջարի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայում խոսքի ազատությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը:
«Խոսքի ազատություն և մարդու իրավունքներ ունենալը ոչ թե պարզապես լավ բաներ են, այլև ժողովրդավարության և իրավունքի գերակայության հիմնական տարրերն են: Դա վերաբերում է նաև Թուրքիային»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ռոթը:
Գերմանացի նախարարը նաև նշել է, որ իրենք հետևում են Թուրքիայում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացներին։