Եվրախորհրդարանի պատգամավոր Պետրաս Օշտրևիչուսը խոսել է 2020 թվականի Արցախյան պատերազմում ԵՄ դիրքորոշման մասին: «Լուրեր»-ի հետ զրույցում նա պնդել է, որ պատերազմից հետո իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ շատ լարված։
«Նախկին մարտնչող կողմերի միջև մենք չենք տեսնում կանոնավոր երկկողմ կամ տարածաշրջանային հարթակ և քննարկում»,- ասել է նա։
Ավստրևիչուսը մտահոգություն է հայտնել հարյուրավոր գերիների «հնարավորինս շուտ» ազատ արձակելու և նրանց բնականոն կյանք վերադառնալու հարցի վերաբերյալ:
«Հարյուրավոր մարդիկ դեռ գերության մեջ են և դեռ ազատ չեն արձակվել, և ես կարծում եմ, որ, մարդասիրական նկատառումներից ելնելով, առավել քան բնական է, որ այդ մարդիկ հնարավորինս շուտ ազատ արձակվեն, նրանց վերադարձնեն բնականոն կյանքի:
Ինձ ընդհանրապես չգոհացրեց Եվրամիության՝ որպես մեծ ազդեցիկ միջազգային խաղացողի դերն այդ իրավիճակում: Կարծում եմ, որ մենք պարզապես չափազանց լուռ մնացինք և շատ քիչ բան արեցինք այս հակամարտությունն անգամ կանխելու համար։ Մենք պետք է անենք հնարավորը իրավիճակը մեղմելու ու թեթևացնելու և մի ամբողջ տարածաշրջան հնարավորինս շուտ բնական վիճակի բերելու համար»:
Օշտրևիչուսը ցանկություն է հայտնել, որ Եվրամիությունը պարզապես մարդասիրական օգնություն ցուցաբերելուց զատ ավելի նախաձեռնողական դեր խաղա այս գործընթացում։