ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադ) 213.5 միլիոն դրամ է գնահատում «Լույսեր» ՓԲԸ-ի կողմից իր առանձնատան հարևանությամբ շինարարության հետևանքով իր կրելիք վնասը։ Նա գնահատման է տվել իր գույքը, ու ըստ այդ գնահատման եզրակացության՝ արտաքին միջավայրի փոփոխությամբ Համբարձումյանի առանձնատունը կարժեզրկվի 213.5 միլիոն դրամով։ Չնայած դրան՝ գործարարը դատարան ներկայացրած իր հայցով փոխհատուցման պահանջ առաջ չի քաշել։
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Համբարձումյանի առանձնատան ու կառուցապատող «Լույսեր»-ի մեջ դատական քաշքշուկներն սկսվել են անցյալ տարվանից ու սրվել այն բանից հետո, երբ գործարարն այցելել էր շինհրապարակ և «Լույսեր»-ից պահանջել դադարեցնել շինարարությունը։ Վերջինս դա հիմնավորում է այն հանգամանքով, որ բնակելի թաղամասի կառուցման հետևանքով ամբողջությամբ տեսանելի կդառնա իր առանձնատունը ու կխախտվի իր ընտանիքի անձնական կյանքի իրավունքը։ Համբարձումյանի պաշտպանները դատարանում վիճարկում են «Լույսեր»-ի շինթույլտվության իրավունքը։
Արկադի Համբարձումյանը գույքի գնահատման գործառույթ է պատվիրակել «Էքսպերտ Օցենկա» ընկերությանն ու պարզել՝ նորակառույց թաղամասի կառուցման հետևանքով իր առանձնատան շուկայական արժեքը կնվազի։ Համբարձումյանի առանձնատան, բակի ու հարակից շինությունների ընդհանուր մակերեսը 10.534 քառակուսի մետր է, և ըստ գնահատողի, Երևանի քաղաքապետարանը թույլ է տվել «Լույսեր»-ին՝ սակավահարկ բնակելի հատվածում բարձրահարկ կառուցել։ Ըստ գնահատողի՝ Համբարձումյանի առանձնատունը կառուցվել է ճարտարապետական բարդ և ինքնատիպ լուծումներով, օգտագործվել են թանկարժեք շինանյութեր, բակային հատվածը բարեկարգված է, կան ճեմուղիներ, տերասաներ, կանաչապատ գոտիներ, բաց ու փակ լողավազաններ։ «Էքսպերտ օցենկա»-ն Համբարձումյանի տան շուկայական արժեքը գնահատել է 2 միլիարդ 807 միլիոն դրամ, իսկ թաղամասում արտաքին միջավայրի փոփոխության դեպքում այն կկազմի 2 միլիարդ 594 միլիոն դրամ։ Դա նշանակում է, որ կառուցապատման դեպքում Համբարձումյանի առանձնատան շուկայական արժեքը կնվազի 213.5 միլիոն դրամով։
«էքսպերտ Օցենկա»-ի գնահատումը ներկայացվել է դատարան։ Դրան ի պատասխան՝ «Լույսեր» ՓԲԸ-ն անհիմն է համարել գնահատումն ու դիմել է Կադաստրի կոմիտեին՝ գնահատողի գործողությունների վերաբերյալ։ Ընկերությունը նախ հարց է բարձրացրել, որ «գնահատողի մասնագիտական եզրակացություն» ընկերությունն իրավասություն չունի տրամադրել դատարանին։ «Լույսեր»-ը նաև կեղծ է համարել գնահատողի այն տվյալը, ըստ որի, իրենց բնակարանային համալիրը կառուցվում է սակավահարկի վրա. «Որպես գույքի արժեքի վրա ազդող գործոն՝ գնահատողը դիտարկում է սակավահարկ բնակելի կառուցապատման գոտում բազմաբնակարան բարձրահարկ շենքերի կառուցման շինարարական թույլտվությունների տրամադրումն ու շենքերի կառուցումը։ Երևանի քաղաքապետարանից ստացված գրությամբ հաստատվում է, որ «Լույսեր» ՓԲԸ-ին պատկանող հողամասը գտնվում է բազմաֆունկցիոնալ կառուցապատման գոտում։ Վերոնշյալը մեզ իրավունք է տալիս պնդելու, որ գնահատողը միտումնավոր խեղաթյուրել է «Լույսեր» ՓԲԸ-ին պատկանող հողի վայրը՝ այն տեղակայելով սակավահարկ բնակելի կառուցապատման գոտում, այն պարագայում, երբ Երևանի ավագանին ունի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գոտևորման վերաբերյալ որոշում, որտեղ հստակ պատկերված են բազմաֆունկցիոնալ կառուցապատման ու սակավահարկ բնակելի կառուցապատման տարածքների սահմանները»,- այսպիսի գրությամբ Կադաստրի կոմիտեի նախագահին է դիմել կառուցապատողը` հայտնելով, որ գնահատողը խեղաթյուրել է փաստերը։ «Լույսեր»-ը 213.5 միլիոն դրամի արժեզրկման գնահատումը համարել է «սուբյկտիվ և չհիմնավորված»։ Ընկերությունը պահանջել է նաև դադարեցնել գնահատողի որակավորման վկայականի գործունեությունը։
Կադաստրի կոմիտեն, ըստ էության, համաձայնել է «Լույսեր»-ի դիտարկումներին՝ պատասխանելով, որ գնահատողը համապատասխան ստանդարտների մի քանի խախտումներ է թույլ տվել, և հիմնավոր գնահաշվարկ ներկայացված չէ։ Կադաստրից ստացած պատասխանը «Լույսեր»-ը ներկայացրել է դատարանին, նաև Գլխավոր դատախազություն՝ կեղծ գնահատում իրականացնելու հիմքով։
Արկադի Համբարձումյանի շահերի պաշտպան Արթուր Մարտիրոսյանը «Լուրեր»-ին ասաց՝ կադաստրի կոմիտեում վարչական վարույթ է իրականացվել գնահատման հետ կապված ու կարճվել է, իսկ գնահատողի կողմից կեղծ տեղեկություններ ներառելու համար քրգործ հարուցելու դիմումը ոստիկանության կողմից մերժվել է։ Միևնույն ժամանակ Մարտիրոսյանը հայտարարում է՝ նրանք «Լույսեր»-ից 213.5 միլիոն դրամի պահանջ չունեն. «Մենք 60 էջանոց եզրակացություն ենք ներկայացրել, որով հիմնավորվում է, որ եթե 16-18 հարկանի շենքերը կառուցվեն, մեր անշարժ գույքը ընդհանուր առմամբ 213 միլիոն դրամով կարժեզրկվի։ Դատարանը հաշվի է առել դա ու հիմնավոր կասկածը բավարար է։ Բայց «Լույսեր» ՓԲԸ-ն, պատճառաբանելով, որ պետական հովանավորչություն ունի, որևէ ձևով հրաժարվում է կառուցապատումը դադարեցնել։ Մեզ, իհարկե, չի բավարարի, եթե 213 միլիոն դրամի փոխհատուցում տրամադրվի, դուք չեք պատկերացնի, եթե լինեք, կտեսնեք, որ տան անմիջապես կողքին սարքվում են 16-18 հարկանի շենքեր, որ նայում են մեր մասնավոր տարածք»,- ասաց Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ իրենց պահանջը «Լույսեր»-ին տրված շինթույլտվությունն անվավեր ճանաչելն է։ Նա ասում է՝ խնդիրը կարող է լուծվել միայն մի ձևով, եթե կառուցապատող ընկերությունը ոչ թե 16-18 հարկանի շենքեր կառուցի, այլ 4-5 հարկանի։ Մարտիրոսյանը համոզված է, որ «Լույսեր»-ն ունի պետական հովանավորություն։
Քաղաքապետարանն ուզում է քանդել Համբարձումյանի տան ուղեփակոցն ու պարիսպը
«Լույսեր»-ի հետ կապված դատական գործընթացին զուգահեռ Երևանի քաղաքապետարանը որոշել է ապամոնտաժել Համբարձումյանի առանձնատուն տանող ճանապարհի ուղեփակոցն ու տան պարիսպը՝ համարելով դրանք համայնքային հողը ծանրաբեռնած շինություններ։ Ըստ քաղաքապետարանի՝ դրանք կառուցվել են համանքային հողի վրա՝ առանց թույլտվության և քաղաքաշինական էական խախտումներով։ Երևանի քաղաքապետը փետրվարի 25-ի որոշմամբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել էր ապօրինի տիրապետումից ազատել համայնքային հողը։ Քաղաքապետի որոշումը, սակայն, ի կատար չի ածվել, քանի որ Համբարձումյանի շահերի պաշտպանը համապատասխան որոշումը վիճարկում է դատարանում։ Արթուր Մարտիրոսյանն ասում է՝ նախկինում դիմել են Երևանի քաղաքապետարանին այն օրինականացնելու համար, սակայն արձագանք չի եղել. «Ակնհայտ ապօրինի որոշում է։ Մենք օրինականացնելու որոշում էինք կայացրել, բայց քաղաքական պատվերով նման բան են սկսել, այս ամենը շոուի է նման, հաշվի առնելով, որ Համբարձումյանը ընդդիմադիր է, ուզում են ներկայացում բեմադրել։ Քաղաքապետարանը որևէ բան անելու իրավունք չունի»,- ասաց նա։
Հունվարի 26-ին «Լուրեր»-ն անդրադարձել էր նախկին պատգամավորին պատկանող առանձնատան, հողամասի շուրջ զարգացումներին։ Համբարձումյանը իր առանձնատանը կից հողամասի վրա 3 նոր բնակելի տուն կառուցելու համար շինթույլտվության դիմում էր հասցեագրել քաղաքապետարան։ Դիմումը չէր բավարարվել։ Նաև պարզվել էր, որ «Լույսեր»-ը դեպի շինհրապարակ տանող հիմնական ճանապարհից չէր կարողացել օգտվել, քանի որ ճանապարհի կեսից Համբարձումյանը ուղեփակոց էր տեղադրել։ Համբարձումյանի փաստաբանն ասում է՝ այդ ճանապարհը համայնքային չէ ու կառուցվել է Համբարձումյանի անձնական միջոցներով։
Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ «Լույսեր» ՓԲԸ-ի միակ մասնակիցը Սարգիս Իսրայելյանն է։ «Լույսեր»-ը գրանցվել է 2019 թվականին, ընկերության կանոնադրական կապիտալը 582 միլիոն դրամ է։ Արկադի Համբարձումյանը խոշոր ներմուծող «Դերժավա-Ս» ընկերության սեփականատերն է։ Ընկերությունը ներմուծում է ճանաչված բրենդների հրուշակեղեն, կենցաղային իրեր։ «Դերժավա-Ս»-ն է ներմուծում նաև Audi, Porsche, Bentley մակնիշի ավտոմեքենաներ, Համբարձումյանը նաև Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկայի ու «Սլավմեդ» բժշկական կենտրոնի սեփականատերն է։