2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանն ավելացրել և բարելավել է փողերի լվացման գործերի հետաքննությունները: Հայաստանը պետք է քրեական պատիժ նախատեսի այն իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման գործերում: Այս մասին մարտի սկզբին հրապարակած զեկույցում նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտը: Գլխավոր դատաախազությունն այդ արձանագրումը պայմանավորում է տվյալ կոռուպցիայի դեմ պայքարի առումով բավականին ակտիվացված գործընթացներով: 2020 թվականին կոնկրետ փողերի լվացման հանցակազմի ուղղությմամբ 14 քրեական գործ է եղել:
Գոռ Աբրահամյան, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական - Հաշվի առնելով նաև այս հանցակազմի հանցագործությունների բացահայտման և բարդությունները՝ որոշակիորեն ունենք նաև դատարան գնացած գործ, անցած տարի մեկ գործ՝ մեկ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Գործերի վերաբերյալ այլ մանրամասներ գլխավոր դատախազի խորհրդականը չի նշում. ճնշող մեծամասնությունը նախաքննության փուլում են:
Գոռ Աբրահամյան - 2019 թվականին հարուցված քրեական գործերի քանակը մոտավորապես 30-40 տոկոսով ավելի էր 2018 թվականի համեմատ: Ունեինք աճ՝ դատարան ուղարկված գործերի առումով, 50 տոկոսից ավելի աճ ունեինք: Վարույթում քննվող գործերի քանակի աճ ունեինք:
Նախորդ տարի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված 1819 նյութից 1241-ով հարուցվել են քրեական գործեր: Կոռուպցիոն 183 քրեական գործ՝ 410 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Նախնական քննության և դատական քննության ընթացքում միայն ավարտված կոռուպցիոն գործերով բացահայտվել է պատճառված ընդհանուր 7.8 մլրդ ՀՀ դրամի վնաս, վերականգնվել 4.6 մլրդ ՀՀ դրամի վնաս, որը մոտ 2.5 մլրդ դրամով կամ շուրջ 223%-ով ավելի է 2019թ.-ի համեմատ:
2020 թվականի ապրիլին ընդունվեց Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը և նույն թվականի սեպտեմբերից էլ Գլխավոր դատախազությունում ձևավորվեց համապատասխան վարչություն:
Դրանից հետո, առ այսօր, 220 որոշումներ ունենք կապված ուսումնասիրությունների վարույթ սկսելու հենց ապօրինի ծագման, նրանց պատկանելիության պարզման հետ կապված և այդ 220 որոշումների արդյունքում սկսված գործընթացներով մեր վարչությունը լուրջ աշխատանքներ է տարել իր գործառությունների շրջանակներում համապատասխան տվյալներ հավաքագրելու համար և վերջնարդյունքում դատարանում հայցեր հարուցելու խնդիրը լուծելու համար:
Գլխավոր դատախազի խորհրդականը նշում է՝ աշխատատար գործընթաց է. վարչությունն ինստենսիվ աշխատում է, համալրված է նաև տնտեսագետ փորձագետներով: Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում Կոռւպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ իր քայլերն է իրականացնում: Օրինակ, հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը, ի թիվս այլ գործառույթների, առանձնացնում է հայտարարագրման համակարգը, որը գործել է դեռ 2011 թվականից, բայց 2019 թվականի ավարտին ձևավորված հանձնաժողովն այն իրականացնում է փոփոխված գործիքակազմով:
Արամայիս Փաշինյան, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ - 2019 թվականից սկսած էականորեն փոխվել են հայտարարագրման ենթակա տեղեկությունների ծավալը, ընդլայնվել է և այս պահին էլ անընդհատ պարբերաբար օրենսդրական փոփոխությունների արդյունքում ընդլայնվում է հայտարարատուների շրջանակը:
Պաշտոնատար անձնաց գույքը, եկամուտը, ծախսերի վերաբերյալ հայտարարագրման համակարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկություններն ուսումնասիրում է և անհամապատասխանության դեպքում հարուցում է վարչական վարույթ: Քրեական տարրեր հայտնաբերելու դեպքում նաև ուղարկվում են դատախազություն:
2020 թվականից, օրինակ, հայտարարատու անձինք են համարվում նաև մինչև 15.000 բնակչություն ունեցող համայնքերի ղեկավարները:
Հանձնաժողովի անդամը նշում է՝ Հանրային ծառայության մասին օրենքով նախկինում օրինակ պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները պարտավորություն չունեին պաշտոնի ստանձնման և դադարեցման հայտարարագիր տալ, որտեղ կնշվեին տվյալ պահի դրությամբ անձի գույքի, վերաբերյալ տեղեկություններ. 2019-ի փոփոխություններով արդեն պաշտոնատար անձինք նույնպես այդպիսի տվյալներ ներկայացնում են: Հանձնաժողովի բոլոր վարչությունների անձնակազմի համալրման աշխատանքներն այս պահին էլ ընթանում են. Արամայիս Փաշինյանը վստահեցնում է՝ արդեն ամբողջական կազմով ավելի մեծ թափով կանցնեն սահմանված գործառույթների իրականացմանը: