«Մարտի 9-ին որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոխելու մասին, և կրկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով: Մեղադրանքը լրացվել է ս.թ. փետրվարի 26-ին անցկացված հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից հնչեցված կոչերով, որոնք ևս պարունակում են իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր:
Վազգեն Մանուկյանին և նրա պաշտպանին հայտնվել է քրեական գործով նախաքննության ավարտի մասին, և քրեական գործի նյութերը տրամադրվել են նրանց՝ ծանոթացման»,- 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, ՔԿ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` 2021 թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Փետրվարի 26-ի հանրահավաքում Վազգեն Մանուկյանը հայտարարել էր. «Բանակը հեշտությամբ կենթարկվի՞, որ իր ղեկավարին հանում են։ Ոչ, բանակը կընդվզի, ես կոչ եմ անում, որ ընդվզի։ ...Եթե բանակն ուժեղ կանգնած է, ոստիկանությունը չի կարող թպրտալ»: Մանուկյանը նաև նշել էր, որ «եթե բանակը ոտքի չկանգնի, մենք պետք է կանգնեցնենք»: