Ստեփանակերտն ամոքում է պատերազմի վերքերը: Արցախի մայրաքաղաքում նոյեմբերի վերջից լայն թափով վերակառուցում են ռմբակոծված բազմահարկերը: Պատերազմի ընթացքում Ստեփանակերտում վնասվել է 280 շենքի 2090 բնակարան: Տիգրան Մեծի 1 հասցեում նորոգվում է 36 բնակարան՝ տարբեր աստիճանի վնասներով:
Արմեն Գասպարյան, շինարար - Հիմա ներքին հարդարման աշխատանքներն են կատարվում: Ունենք ավարտված բնակարաններ՝ մոտ 25-ը: Մնացածն էլ ընթացքի մեջ են:
Հոկտեմբերի երկուսին Արևիկ Շումանյանը տանն էր, երբ հրթիռն ընկավ ուղիղ իրենց շենքի վրա: Ընկերուհու հետ խոհանոցում էին: Ամուսինը զանգել էր, որ զգուշացնի՝ թիրախում քաղաքն է, ու պայթյուն է լսվել:
Արևիկ Շումանյան, Ստեփանակերտի բնակիչ - Ինձ թվաց, թե տունս քանդվել է, թվաց, թե իմ տանն է անմիջապես ընկել, բայց չէ՝ կողքի բնակարանին էր ընկել: Կարծեցի՝ վիրավոր եմ, որովհետև այդ ժամանակ տաք ես լինում: Ձեռքերով շոշափեցի ու տեսա, որ չէ: Երբ արդեն իջնում էինք, ընկերուհիս թաշկինակով դեմքս սրբում էր, ասացի՝ դրա ժամանա՞կն է, ասաց, որ ամբողջ երեսս արյուն է: Դեմքս մի քիչ վիրավորվել էր:
Հրադադարի հաստատումից հետո Ստեփանակերտում շինարարական աղմուկ է: Կապալառուներն ուժերը թարմացրել ու անցել են շենք-շինությունների վերականգնմանը: Առաջնահերթ էր կեցության պայմանների ստեղծումը:
Հենրիխ Վանյան, տեխհսկիչ - Պատուհաններն ու մուտքի դռներն էին վնասվել 36-ից 33 բնակարանում: Բոլորը փոխարինել ենք նորով:
Մարտունի 74 հասցեի բազաբնակարանը վնասվել է մեծ տրամաչափի արկից: Բարեբախտաբար, քիչ հեռու է ընկել արկը: Հիմա ներքին հարդմարման աշխատանքներ են ընթանում: Վարպետ Համլետը վստահեցնում է՝ աշխատանքի արագ տեմպը որակի հաշվին չէ:
Համլետ Աբրահամյան, վարպետ - Արագ ենք աշխատում, 3-4 հոգով մի բնակարանը մոտ 10 օրում վերջացնում ենք: Որակի հարցում ևս խնդիր չկա: Տանտերերն ամեն օր գալիս, նայում են: Այնպես չի, որ կառուցենք, ասենք՝ վաղը ինչ կլինի, կլինի:
Ծանր ռումբից Ստեփանակերտի Իսակովի 5 շենքի գրեթե կեսն ավերվել է: Շինարարները տանիքի նոր ծածկ են կառուցել, հետո անցել բնակարանների վերակառուցմանը: Երկու մուտքի բնակարանները կապիտալ, մյուսները նորոգում են մասնակի:
Վրեժ Կարապետյան, ինժեներ - Երկաթբետոնե կոնստրուկցիա է նոր հավաքվում: Վնասվել է շենքի գլխավոր սյուներից մեկը՝ առաջին հարկում: Դա արդեն վերականգնված է երկաթբետոնե պատով:
Ստեփանակերտի հրթիռահրետակոծված բազմաբնակարանները նախկին տեսքին են վերադառնում: Հենց շինարարներն աշխատանքն ավարտում, բնակիչները վերադառնում իրենց տները:
Շինարարներն ասում են՝ եղանակի հետ աշխատելն ավելի հեշտ կլինի: Կփորձեն մայիսին ամբողջությամբ շահագործման հանձնել վնասված բազմահարկերը: