ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Ծիրանափող» մշակութային երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ամփոփվել է «Արժևորենք ազգային երաժշտական մշակութային ժառանգությունը Շիրակի մարզում» ծրագիրը, որի նպատակը մարզի ժողովրդական երգարվեստի ժառանգության գույքագրումն ու տարածումն է: Այսօր այդ ժառանգության հիմնական կրողներն ավագ սերնդի ներկայացուցիչներն են։
Շիրակի մարզի Արթիկ և Անի տարածաշրջանների 10 համայնքների (Նոր Կյանք, Սպանդարյան, Ձորակապ, Իսահակյան, Քարաբերդ, Սարատակ, Բենիամին, Փանիկ, Գետափ, Մեծ Մանթաշ) տարբեր տարիքի կրողներից գրանցվել են 20-ից ավելի հայկական ավանդական երաժշտության բացառիկ նմուշներ, որոնցից 10-ը նոտայագրվել են, իսկ 7-ը՝ գործիքավորվել։ Դրանք մինչ այժմ չհնչած երաժշտական նմուշներ են, ինչպես նաև հայտնի գործերի նորովի կատարումներ, որոնք տեսանկարահանվել և ձայնագրվել են, իսկ արդյունքները՝ տպագրվել գրքույկում: Ծրագրի ավարտին Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի և «Շերամ» անսամբլի սաների կատարմամբ կազմակերպվել է ժողովրդական երաժշտության համերգ։
Նմանօրինակ ծրագրերի իրականացումը կարևորվում է Հայաստանի տարբեր համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա ճանաչելիության բարձրացման, համայնքներում ժառանգության պահպանության նկատմամբ հարգանքի ու գնահատանքի ձևավորման, ինչպես նաև այն սերունդներին փոխանցելու առումով։
Ծրագրի արդյունքներին կարելի է ծանոթանալ «Ծիրանափող» մշակութային երիտասարդական ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում և յութուբյան էջում։