Մեկնարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը: Դրամաշնորհների տրամադրմամբ նախարարությունը նպատակ ունի խթանել արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացումը, ապահովել տարբեր հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացվածությունը, ձևավորել ազատ, մրցակցային և մասնակցային մշակութային դաշտ, զարգացնել ժամանակակից արվեստները և ստեղծարար արդյունաբերությունը:
Մրցույթն անցկացվում է 14 անվանակարգում՝
-
Թատերական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր.
-
Երաժշտական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր.
-
Պարարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր.
-
Կերպարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր.
-
Կինոարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր (բացառությամբ՝ կինոարտադրության նախագծերի).
-
Մշակութային հեռուստահաղորդաշարեր.
-
Ստեղծագործական կրթական ծրագրեր և նախագծեր.
-
Երաժշտական և արվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքներ.
-
Աջակցություն շնորհալի պատանի երաժիշտ կատարողների մասնագիտական կարողությունների զարգացմանը ու կատարելագործմանը.
-
Ներառական ծրագրեր և նախագծեր ժամանակակից արվեստի ոլորտում.
-
Ազգային փոքրամասնությունների մշակույթի տարածման ծրագրեր և նախագծեր.
-
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր.
-
Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ.
-
Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ:
Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները, որոնք ունեն ժամանակակից արվեստների, գրականության, ստեղծարար արդյունաբերության զարգացման, մշակութային ժառանգության, Հայաստան-սփյուռք մշակութային կապերի արդիականացման և ամրապնդման, մշակութային զբոսաշրջության, մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, մշակութային կրթության և ներառականության խթանմանն ուղղված նորարարական ու հեռանկարային նախագծեր, և որոնց ներկայացված նախահաշվում չի արտացոլվում շահույթը:
Հայտերը մինչև ապրիլի 2-ն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչություն (հեռ.՝ 010 599 631) և մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների վարչություն (հեռ.՝ 010 599 629)։
Մրցութաշրջանի և հայտերի ներկայացման կարգի վերաբերյալ մանրամասները՝ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/8102