Վարչապետի գլխավորությամբ մարզային խորհրդակցության հաջորդ կանգառը Գեղարքունիքն է: Քննարկման օրակարգն՝ անվտանգային հարցերից մինչև սոցիալ-տնտեսական: Առաջնագծում իրավիճակը հանգիստ է և լիարժեք վերահսկողության տակ՝ զեկուցել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը: Գլխավորն այս պահին՝ առաջնագծի ենթակառուցվածքների բարելավումն ու ինժեներական աշխատանքների իրականացումն է:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Գեղարքունիքի մարզի շուրջ նույնպես անվտանգային միջավայրի փոփոխություն է տեղի ունեցել: Մենք այսօր դրա հետ կապված հարցր նույնպես կքննարկենք՝ թե ինչպես ենք այս նոր իրավիճակում ապահովելու մեր անվտանգությունը, ինչպես ենք այս նոր միջավայրում մարդկանց, մեր քաղաքացիների ունեցած մտավախությունները փարատելու, նրանց բարձրացրած հարցերին պատասխանելու:
Սուբվենցիոն ծրագրերի առումով Գեղարքունիքի մարզն առաջամարտիկ է: Պետություն-համայնք գործակցությունն իրականացվում է որակի խիստ պահպանմամբ: Շինարարության դեպքում, օրինակ, աշխատողները գիտեն՝ անորակը չի ընդունվելու՝ արձանագրում է մարզպետ Գնել Սանոսյանը: Վերջին երեք տարում մարզում իրականացվել են մոտ 15 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր: Այս տարվա համար ներկայացվել է 8.5 մլրդի հայտ: Միայն նախորդ տարի մարզում սուբվենցիայով վերակառուցվել է 37 կմ ճանապարհ, այլ հատկացումներով ծավալը հասել է 120 կմ-ի: Մարզում առաջնահերթ են զբոսաշրջության, գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտները: Լիզինգային ծրագրերով համայնքները 2020-ին 60-ից ավելի տեխնիկա են ձեռք բերել: Միայն Արծվանիստ համայնքում իրականացվող 15 մլրդ դրամի ներդրումային ծրագրի արդյունքում մարզը կունենա ֆերմերային խոշոր տնտեսություն:
Մարզն ունի 98 հա կաթիլային ոռոգմամբ այգի, 181 հազար հա արոտավայր, որից 124 հազարը ճանապարհների պատճառով անհասնելի է: Վարչապետն այս համատեքստում խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է ենթակառուցվածքների զարգացման վրա: Կիսով չափ է օգտագործվում նաև մարզի 81 հազար հա վարելահողը: Ծավալն ավելացնելու համար կառավարությունը շարունակելու է արդյունավետության բարձրացման թիրախային ծրագրերը: Այս տարի կմեկնարկի Մեծ Մասրիկ ենթակայանի կառուցումը:
Նիկոլ Փաշինյան - Գեղարքունիքի մարզը նաև սուբվենցիոն ծրագրերի մասով ամենաակտիվ մարզերից է, և մենք այսօր նորակառույց դպրոց այցով սկսեցինք մեր աշխատանքային օրը: Պետք է նաև այս տրամադրությունը փոխանցենք՝ Հայաստանը նորովի կառուցելու մեր տեսլականը պետք է շատ ակտիվ իրագործվի:
Տեսլականն իրական դարձնելը սակայն միայն պետության, կառավարության և համայնքների խնդիրը չէ, ներդրումային գործընթացին մասնակցելու համար պետք է քաջալերել նաև մասնավորին՝ նկատում է Փաշինյանը:
Աշխատանքային օրը Գեղարքունիքում վարչապետը սկսել է Գավառի 2-րդ միջնակարգ դպրոց այցով:
Հին շենքը կանգուն էր կես դարից ավելի, 2016-ին արդեն վթարային էր: 2020-ի վերջին ավարտած շինարարությունից հետո դպրոցն ունի 9 բալ սեյսմակայունություն, հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց, ունի վերելակ, կահավորված դասասենյակներ: Կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդրումը կազմել է 1 մլրդ 380 մլն դրամ, դպրոցը նախատեսված է 576 աշակերտի համար: Մարզում այս պահին դպրոցների վերակառուցման 5 ծրագիր է իրականացվում:
Խորհրդակցությանը հաջորդել է վարչապետի հանդիպումը քաղաքացիների հետ: Գործադիրի ղեկավարը լսել է նրանց խնդիրները, պատասխանել հարցերին: