Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատվածներ է հրապարակել Ադրբեջանի նախագահի «Նոր Ադրբեջան» կուսակցության մարտի 5-ի` 7-րդ համագումարի ելույթից:
Թաթոյանը գրել է՝ այս ելույթը ստիպում է ուղղակի հարց տալ` ո՞վ է իրականում ֆաշիզմի լեզվով խոսում, ու ինչպե՞ս է խաղաղությունը լինելու այս պայմաններում, երբ երկրի նախագահն է հպարտությամբ ընդգծում, որ Հայաստանի ու նրա բնակչության նկատմամբ ատելությամբ է լցված մի ամբողջ սերունդ:
Ալիևը հայտարարել է. «Երիտասարդ սերունդը մեծացել է թշնամու հանդեպ ատելության զգացումով և հենց այդ երիտասարդ սերունդն է մեր հողերը ազատագրել օկուպանտներից»։ Մենք Հայաստանը դարձրինք անորոշ, անկայուն և ապագա չունեցող մի երկիր։ Այնտեղ առաջացան դեմոգրաֆիկ խնդիրներ, ինչը հանգեցրեց տնտեսական շուկայի սահմանափակմանը»։
Ալիևի խոսքով՝ «Հիմա Հայաստանը փորձում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի գործարկմանը, բայց չեն հաջողելու»։
«Մենք հասնելու ենք մեր բոլոր նպատակներին այնպես, ինչպես նրանց վռնդել ենք մեր հողերից»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը: