Ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ ստեղծված կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի հերթական նիստին ներկա էին միայն իշխանական պատգամավորները և «Լուսավոր Հայաստանից» հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը:
Այն մեկնարկեց մոտ 20 րոպե ուշացումով, քվորումի համար անհրաժեշտ էր հանձնաժողովի անդամների կեսից ավելիի ներկայությունը: Մոտ մեկ ժամ տևած նիստում քննարկվեց այն հարցաշարը, որ հանձնաժողովի ընդդիմադիր անդամները կազմել և ուղարկել են տարբեր կառույցներ: Արկադի Խաչատրյանի խոսքով՝ ավելի վաղ կառավարություն ուղարկված հարցերի շրջանակը ընդլայնելու անհրաժեշտություն է առաջացել: Դրանք հասցեագրվել են արդարադատության և էկոնոմիկայի նախարարություններ, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտե:
Մոտ 20 օր առաջ Կառավարություն ուղարկված 251 հարցի մշակմանը հանձնաժողովի իշխանական անդամները հրաժարվել են մասնակցել: Հիմնավորել են՝ համավարակի դեմ պայքարի գործընթացը դեռ չի ավարտվել, քննիչ հանձնաժողովն էլ ստեղծվել է ժամանակից շուտ:
Հարցաշարը կազմվել է ընդդիմադիրների կողմից: Ուղարկված նոր հարցաշարից իշխող ուժը տեղյակ չէր: Դիմելով հանձնաժողովի նախագահին՝ դժգոհեցին՝ ինչու իրենց այդ մասին տեղյակ չեն պահել:
Հուլիսին ստեղծված հանձնաժողովի կազմը հաստատվեց միայն 2021 հունվարին: Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը նախատեսվում է երկարաձգել 6 ամսով: Պատերազմական իրավիճակում և դրանից հետո անհնար է եղել գործունեություն ծավալել՝ առաջարկը հիմնավորել են նախաձեռնողները: