Երևանի «Մասիս» արտադրական միավորման գույնզգույն կոշիկներն ուղիղ մեկ ամիս զարդարելու են քաղաքի պատմության թանգարանի ցուցադրությունների սրահը: Այցելուները հնարավորություն կունենան տեղափոխվել Խորհրդային Երևան ու ծանոթանալ խորհրդային ժամանակներից պահպանված արդյունաբերական բացառիկ նմուշներին:
Արմինե Կորեկյան, Երևանի պատմության թանգարանի ավագ գիտաշխատող, ցուցադրության համադրող - Որոշեցինք այս անգամ խորհրդային շրջանը ցուցադրել և ցույց տալ կնոջ կարևոր դերը տվյալ ժամանակաշրջանում արտադրած արտադրատեսակների մեջ:
Տարիների ընթացքում ձևավորված հավաքածուն ներառում է ձեռնարկությունների նվիրաբերած ոգելից խմիչք ու ծխախոտ, տարատեսակ ժամացույցներ ու զարթուցիչներ, կարի արտադրամասի գունագեղ գործվածքներ, հախճապակու գործարանի ազգային բովանդակությամբ սպասք, Գեղարվեստական կոմբինատի և «Հայգորգ» արտադրական միավորման նմուշներ:
Այցելու - Այս ցուցահանդեսը մեզ վերադարձրեց մեր մանկության, երիտասարդության տարիները: Ես համոզված եմ, որ այս իրերից մի մասն էլ հաստատ մնացել են հին երևանցիների բնակարաններում:
Այցելու - Լինելով մասամբ այս իրականության մի մասնիկը՝ ապրել եմ Սովետական Հայաստանում, բայց ես իմ մանկության ընթացքում չեմ հիշում նման գունագեղ կոշիկներ: Գուցե լավ չեմ ֆիքսել, փոքր եմ եղել, չեմ հիշում կանանց, որոնք այսպիսի գունագեղ, գեղեցիկ, նրբաճաշակ կոշիկներով էին:
Խորհրդային Երևանում մեծացած այցելուների հիշողություններն ավելի վառ երանգ ստացան թանգարանում ցուցադրվող փաստավերագրական ֆիլմի միջոցով: Անկախության սերնդի համար բացահայտումների ճամփորդություն էր։
Այցելու - Իրականում շատ հետաքրքիր էր, որովհետև այն ժամանակաշրջանի ցուցադրությունն էր, որ համընկնում էր իմ տատիկների երիտասարդության տարիներին: Իրենցից շատ-շատ պատմություններ եմ լսել այդ տարիների հետ կապված:
Երևանի պատմության թանգարանի ցուցադրությանը ներկա կանանցից ոմանք կարծում են՝ իրենց տատիկների սիրելի հագուստն ու կոշիկները նորաձև են ու կարելի է կրել նաև այսօր։