Լեհաստանի Տորուն քաղաքում կայացել է Եվրոպայի աթլետիկայի ձմեռային 36-րդ առաջնությունը, որին մասնակցել է 47 երկրից 733 աթլետ (405 տղամարդ, 328 կին): Հայաստանն այս ստուգատեսում ներկայացրել են վազորդ Ալեքս Դոնիկյանը և եռացատկորդ Լևոն Աղասյանը:
Վերջինս նախ հաղթահարել է որակավորման փուլը, ապա եզրափակիչ փուլում 16 մ 55 սմ արդյունքով զբաղեցրել 5-րդ հորիզոնականը: Այս մրցաձևում չեմպիոն է դարձել Պորտուգալիայի ներկայացուցիչ Պեդրո Պաբլո Պիկարդոն, որը գրանցել է 17 մ 30 սմ արդյունք:
«Սա այն արդյունքը չէր, որին ձգտում էի, բայց տարվա առաջին մրցաշարի համար վատ չէ: Այժմ ուժեղ ու մոտիվացված պատրաստվում եմ ամառային մրցաշարերին»,- Եվրոպայի առաջնությունում իր ելույթն այսպես է մեկնաբանել Աղասյանը:
Վազորդ Ալեքս Դոնիկյանը 60 մ արագավազքում չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը և դուրս է մնացել հետագա պայքարից: