COVID-19-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը ներկայացրեց տարբեր մարմիններ ուղարկված հարցումներից ստացված պատասխանները: Նա նաև տեղեկացրեց, որ պետական մարմիններին ուղարկվել են նաև լրացուցիչ հարցեր։ Սակայն հանձնաժողովի անդամ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները դժգոհեցին, որ լրացուցիչ հարցերի մշակմանը չեն մասնակցել և տեղյակ չեն՝ ինչ հարցեր են կազմվել։
«Ինչպե՞ս է պատահում՝ ուղարկվող հարցերից տեղյակ է միայն ընդդիմությունը: Եթե սա ընդդիմության քննիչ հանձնաժողովը չի, ապա այդ հարցերից պետք է տեղյակ լինեն բոլոր անդամները: Ես այդպես եմ կարծում: Ու եթե դուք համագործակցային մթնոլորտի կոչ եք անում, մենք էլ ասում ենք՝ որպեսզի լինեն բովանդակային քննարկում ու համագործակցային մթնոլորտ, մենք պետք է տեղյակ լինենք ուղարկված բոլոր հարցերից, որպեսզի կարողանանք պատշաճ ներկայանալ հանձնաժողով ու բովանդակային քննարկում ունենալ»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը:
«Իմ քայլից» Հերիքնազ Տիգրանյանն էլ Խաչատրյանին հարցրեց, թե հանձնաժողովի անդամներն ինչո՞վ են տարբերվում դահլիճում ներկա մյուս անդամներից, օրինակ՝ լրագրողներից: «Մենք գալիս ենք հանձնաժողովի նիստին՝ չիմանալով, որ ուղարկվել են լրացուցիչ հարցեր, որոնց բովանդակությանը ծանոթ չենք: Այնինչ մենք պետք է նախապես իմանանք, թե ինչ հարցեր են ուղարկվում պետական մարմիններին, հետո նոր դրանք հրապարակվեն: Մեզ մոտ գործում է հակառակ տրամաբանությունը՝ ուղարկվում է, հետո է հրապարակվում կամ մեզ այդ մասին տեղյակ պահվում»,- ասաց Տիգրանյանը:
Հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը նշեց, եթե իշխող խմբակցության ներկայացուցիչները ցանկանան մասնակցել հարցումների մշակմանը, որևէ խնդիր չկա: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ հարցումներն ուղարկելու համար անհրաժեշտ չէ հանձնաժողովի որոշում, այլ հարցումներն ուղարկվում են առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ: Մինչ այսօր բոլոր հարցումներն ուղարկված են եղել ԼՀԿ և ԲՀԿ ներկայացուցիչների նախաձեռնությամբ, «Իմ քայլը» խմբակցության կողմից որևէ նախաձեռնություն այս մասով չի եղել»,- ասաց նա: