Կորոնավիրուսով և պատերազմական դրությամբ պայմանավարված՝ շուրջ մեկտարվա ընդմիջումից հետո թատրոնի և գյումրեցի հանդիսատեսի հանդիպումը Դրամատիկականում չափազանց ջերմ էր։ Անգամ օթյակներում ազատ տեղ չկար։ Ակնհայտ է, որ գյումրեցիները կարոտել են իրենց թատրոնը՝ մինչև ներկայացման մեկնարկը կից դահլիճում ասուլիսի ժամանակ ասաց Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի խորհրդական Նիկոլայ Ծատուրյանը։
Շուրջ մեկ տարի թատրոնն առաջնախաղ չի ունեցել։ Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի հավաստմամբ՝ 2021-ին ակտիվ կլինեն, ավելի շատ կատակերգություններ կբեմադրեն, քան դրամաներ։ Թատրոնը պետք է բուժի իր հանդիսատեսին։
Նիկոլայ Ծատուրյանը ևս այն կարծիքին է, որ այսօր հայ հանդիսատեսը ժպտալու կարիք ունի։ Հիշեցրեց 1945 թվականը, երբ Գյումրու դրամատիկականը պատերազմի օրերին գոտեպնդում էր թիկունքում աշխատողներին։ Թատրոնի վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանի համոզմամբ՝ ո՛չ պատերազմը, ո՛չ կորոնավիրուսը չեն կարողացել խանգարել ստեղծագործողին։
Հանդիսատեսը ջերմ ծափողջույններով ընդունեց Գյումրու դրամատիկականի 155-րդ թատերաշրջանի առաջնախաղը։ Քեյս անունով ներկայացումը բացահայտում է, թե ինչպես կարող է փողն ազդել մարդու բարոյական նկարագրի վրա։
Թատրոնը, որը նախորդ տարվանից տոմսեր էր վաճառել աբոնեմենտային տարբերակով և վիրուսով պայմանավորված՝ փակել իր դռները, այսօր վերադարձնում է պարտքը պատանի հանդիսատեսին։ Ներկայացումներին կարելի է ներկա լինել նաև 2020-ի աբոնեմենտով։ Այս տարի թատրոնը կփոխի շենքի դիմապակիները, իսկ շուտով կունենա պաշտոնական կայքէջ։