ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի ավագ անգամ, կոնգրեսական Բրեդ Շերմանը խիստ դատապարտել է Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի ոճրագործությունները և ոգեկոչել զոհվածների հիշատակը:
Հայտարարության մեջ նա իր համերաշխությունն է հայտնել ամերիկահայ համայնքին՝ Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում տեղի ունեցած սպանությունների զոհերի հիշատակի ոգեկոչման հարցում:
«33 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում խաղաղ հայ բնակչությունը բռնությունների է ենթարկվել էթնիկ պատկանելության համար` ենթարկվելով անասելի հանցագործությունների»,- հայտարարել է Բրեդ Շերմանը:
Ամերիկացի կոնգրեսականի հավաստմամբ՝ սումգայիթյան ջարդերը սկիզբ դրեցին հայ փոքրամասնության դեմ բռնությունների խորացմանը: Հակահայկական բռնությունները շարունակվեցին նաև 1988-ի նոյեմբերին` Կիրովաբադում և 1990-ի հունվարին` Բաքվում, ինչը գագաթնակետին հասավ Ադրբեջանից 390 հազար հայերի բռի արտաքսումով և 1991-94 թվականներին Արցախյան պատերազմով:
Ի պատասխան Սումգայիթի և Կիրովաբադի ջարդերի՝ շուրջ 100 առաջատար ակադեմիկոսներ ու իրավապաշտպաններ բաց նամակ էին հրապարակել The New York Times թերթում՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Խորհրդային Միությունում հայերի ջարդերի վրա: Նամակի հեղինակները միջազգային հանրությանը դիմել էին վայրագությունները դատապարտելու և հետագա բռնությունները կանխելու համար:
Բրեդ Շերմանը նշել է, որ, դժբախտաբար, ադրբեջանցիների կողմից հայերի դեմ հարձակումները շարունակվեցին: Կոնգրեսականն ընդգծում է 2020-ի աշնանը Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, քաղաքացիների դեմ առանց խտրականության հարձակումների մասին: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց էր հրապարակել, որում նշվում է, որ ադրբեջանցի զինվորականներն օգտագործել են կասետային զինատեսակներ և հրետանային հրթիռներ կամ այլ զինատեսակներ: Բազմաթիվ գրոհներ են տեղացել քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ:
ԱՄՆ կոնգրեսականն ընդգծել է, որ այսօր էլ Ադրբեջանում դեռևս պահվում են հայ ռազմագերիներ, որոնց վերադարձնելու ժամկետներ չեն նշվում: Հայ ռազմագերիներն Ադրբեջանում ենթարկվում են հոգեբանական ճնշումների և անմարդկային վերաբերմունքի: Միջազգային հանրությունը պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանի կառավարությանը:
Բրեդ Շերմանի խոսքով՝ ինքն անձամբ կշարունակի աշխատանքները Կոնգրեսում՝ լույս սփռել անցյալի ու ներկայի նման վայրագությունների վրա ու դասեր քաղել: