Ինովացիոն մտքեր, փորձի փոխանակում. Թեդէքս կոնֆերանսում «Պայքարելով հավասարության համար» խորագրով ներկայացվում են միջազգային փորձն ու հետաքրքրիր պատմություններ:
Գրիգոր Ջանիկյան, TEDxMoskovyanST գլխավոր կազմակերպիչ - TEDx-ի գաղափարն է ստեղծել հարթակ՝ նորարար գաղափարներ տարածելու համար: Կարծում եմ՝ առաջին հերթին հնարավորություն կտա երիտասարդներին լսելու մարդկանց, ովքեր ունեն բավական հագեցած փորձ, լսելու նրանց անձնական պատմությունները:
Բիզնես խորհրդատու Արմեն Ավակյանն աշխատել է շուրջ 35 երկրում. իր փորձն է ներկայացնում, թե ինչպես է, օրինակ, հաջողվում Աֆրիկայում քաոտիկ իրավիճակում չշեղվել նպատակից:
Արմեն Ավակյան, բիզնես խորհրդատու, «Մետրիկա Գրուպ» ընկերության համահիմնադիր - Ներկայիս աշխարհը բավական քաոտիկ է, և էական է, թե ինչպես նման խառը վիճակում պահպանես հանգստություն, սառը դատողություն և կարողանաս հասնես այն նպատակին, որը դրել ես:
Աշոտ Խուդգարյան, Ninety ընկերության հիմնադիր - Լավ մտքերը պետք է տարածվեն, իմ միտքն ու հիմնական մեսիջն այն է, որ պետք է ինտեգրվել տեխնոլոգիաների հետ: Դա կօգնի ավելի լավ որակի կյանք ունենալուն թե՛ անհատին, թե՛ հասարակությանը, թե՛ երկրին:
Կոնֆերանսի բանախոսները կարևոր են համարում նաև ատելության խոսքի դեմ պայքարը, ինչպես նաև աշխատաշուկայում կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունը: Ուսանողուհի Ալինան, օրինակ, ներկայացնում էր, թե ինչպես է անձամբ բախվել նման խնդրի, երբ 16 տարեկանում հասակակից զարմիկի հետ որոշել են աշխատել, բայց տղայի դեպքում այդ քայլն ավելի է քաջալերվել:
Շոմբի Շարփ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող - Հաճելի է ներկա լինել այստեղ. կանանց միջազգային օրը, մարտի 8-ին, մենք տարբեր բանախոսների հետ միասին կանդրադառնանք նաև գենդերային հավասարությանը, փոփոխություններին:
Գայանե Մելքոմ Մելքոմյան, Երևանի փոխքաղաքապետ - Հատկապես մարտի 8-ի օրվա խորհրդին համահունչ այսպիսի միջոցառումները կարևոր են կանանց նկատմամբ խտրականության, կանանց իրավազորման, իրավահավասարության հարցերը բարձրաձայնելու և քննարկելու համար:
Բանախոսներից Աիդա Մուրադյանը շեշտեց՝ պետք է զերծ լինել խտրականությունից, քանի որ այն սահմանափակում է անձի պոտենցիալը, հատկապես՝ երեխաների դեպքում:
Աիդա Մուրադյան, «Վորլդ Վիժն» Հայաստանի երեխաների պաշտպանության և կրթական ծրագրերի ղեկավար - Հենց մենք այսօր պետք է ներդրում անենք երեխաների մեջ, որպեսզի ապագայում ունենանք վերլուծական միտք ունեցող, համարձակ, խելացի, ինքնաբավ, իրենց պոտենցիալն իրացնող քաղաքացիներ:
Կազմակերպիչները համոզված են՝ կոնֆերանսը կօգնի երիտասարդ մասնակիցներին վստահել սեփական ուժերին, հստակ ձևակերպել և իրականացնել թարմ գաղափարները: