Մեկնարկել է COVID-19-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստը: Օրակարգում մեկ հարց է՝ հանձնաժողովի կողմից լրացուցիչ ուղարկված հարցերի վերաբերյալ:
Հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը տեղեկացրեց, որ վերջին նիստից հետո անհրաժեշտություն էր առաջացել լրացուցիչ հարցեր ուղղել Կառավարությանը, մասնավորապես՝ էկոնոմիկայի, արդարադատության նախարարներին և ՊԵԿ-ին: Հարցերը վերաբերել են փոքր և միջին բիզնեսի վրա համավարակի ունեցած ազդեցությանը:
«Տեղեկատվություն ենք հայցել սուբյեկտների շրջանառությանը, նրանց կողմից վճարված հարկերի, չվճարված հարկային պարտավորությունների մասին: Նաև լրացուցիչ տեղեկատվություն ենք խնդրել կրճատված աշխատատեղերի, փակված բիզնեսների, գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած, սնանկացած, լուծարված կամ այդ պրոցեսի մեջ գտնվող սուբյեկտների վերաբերյալ՝ ամսական կտրվածքով»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ տեղեկատվության նպատակն է, որ հանձնաժողովը կարողանա հընթացս վերլուծել, թե ինչ դժվարություններ է ունեցել բիզնեսը, որպեսզի գնահատեն՝ արդյոք ժամանակին և անհրաժեշտ ծավալո՞վ են իրականացվել այդ ուղղությամբ պետական միջոցառումները:
Խաչատրյանը հայտնեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նամակով խնդրել է ողջամիտ ժամկետ՝ մինչև մարտի 30-ը՝ ամբողջական և սպառիչ տեղեկատվություն տրամադրելու համար:
Պատասխաններ ևս ստացվել են: Հանձնաժողովի ուղղած հարցերին պատասխանել են ԿԳՄՍ նախարարը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, Կրթության տեսչական մարմինը, ՊԵԿ-ը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Վայոց ձորի մարզպետարանը և Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը՝ հայտնեց նա: