Կառավարության սեղանին կդրվի բուհերի ընդունելության նոր կարգը՝ «Մեկ բուհ, մեկ մասնագիտություն» սկզբունքով: Հանրային քննարկումն ավարտվել է՝ առավելություն տալով դիմորդի մասնագիտական հստակ կողմնորոշմանը:
Լուսինե Գրիգորյան, ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար - Նոր փոփոխությունը հնարավորություն է տալիս կողմնորոշված դիմորդին ապագա մասնագիտության ընտրության հարցում հստակ հայտագրելու իր նախընտրած մասնագիտությունը և մասնակցելու տվյալ մասնագիտության համար մրցույթին:
Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը ներկայացնելու համար դիմորդը կարող է տանից դուրս չգալ: Գործելու է առցանց եղանակ՝ գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում:
Լուսինե Գրիգորյան - Գործող կարգի համաձայն՝ դիմորդները հայտագրելիս նշում էին 10 մասնագիտություն և շատ դիմորդներ արդեն 6-7-րդ տեղերով ընդունվում էին այնպիսի մասնագիտություններով, որտեղ ուղղակի բավարարում էր իրենց հավաքած միավորը:
Այսպիսով՝ բազմաթիվ դիմորդներ, նախընտրած մասնագիտության փոխարեն ստիպված սովորում էին ըստ բալերի՝ հաջորդ տարբերակներով անցած ֆակուլտետներում: Սրանից խուսափելու համար նոր կարգով սահմանվում են ընդունելության հիմնական և լրացուցիչ փուլեր:
Լուսինե Գրիգորյան - Սա նշանակում է, որ հիմնական առաջին փուլում հայտագրելու պարագայում դիմորդները հայտագրելու են մեկ բուհ, մեկ մասնագիտություն:
Այսինքն՝ հիմնական փուլի մրցույթով դիմորդը և՛ անվճար, և՛ վճարովի հայտագրմամբ կընտրի բացառապես մեկ մասնագիտություն: Արդյունքը պարզ դառնալուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, քննությունից դրական միավոր ստացած, սակայն բավարար բալեր չհավաքած դիմորդները կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին:
Լուսինե Գրիգորյան - Լրացուցիչ փուլում կարելի է հայտագրել տարբեր բուհերի մինչև 6 մասնագիտություն՝ անվճար ու վճարովի, որով պահպանվում են այն մասնագիտությունների պահանջը, որով առաջին փուլում հայտագրել էին:
Մասնագիտության հայտագրումն անցկացվելու է երկու փուլով: Առաջինը՝ ապրիլի 15-ից մայիսի 10-ը՝ այս և նախորդ տարիների շրջանավարտների համար, իսկ հունիսի 26-ից հուլիսի 1-ը երկրորդ փուլն է՝ երկքաղաքացիություն ունեցողների, օտարերկրացիների, զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների համար: