ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ֆրանսիացի քաղաքական գործիչ և գործարար, պատգամավոր Օլիվիե Դասոյի ընտանիքին նրա անժամանակ մահվան կապակցությամբ:
«Խոր ցավ ապրեցի՝ տեղեկանալով իմ բարեկամ, ֆրանսիացի քաղաքական գործիչ և գործարար, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, հանրահայտ Dassault Group ընկերության ռազմավարության և զարգացման գծով նախագահ Օլիվիե Դասոյի անժամանակ և ողբերգական մահվան մասին։
Օլիվիե Դասոն իր երկրին ու ժողովրդին նվիրյալ քաղաքացի էր ու քաղաքական գործիչ, ում կյանքն ու գործը նպատակաուղղված էին հայրենիքը տնտեսապես և քաղաքականապես հզորացնելուն։ Նա ոչ միայն տեխնոլոգիաների մեծ մասնագետ էր և բիզնեսի հմուտ կազմակերպիչ, այլև արվեստագետ, որի համար լուսանկարչությունը սովորական հոբբի չէր:
Օլիվիե Դասոն Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամն էր: Նրա հետ մեր բազմաթիվ հանդիպումների ժամանակ հաճախ էինք զրուցում նաև Հայաստանի հետ համագործակցության, իրականացվելիք հնարավոր նախագծերի մասին: Այդ թեմայով մենք քննարկում ունեցանք նաև նրա՝ Հայաստան այցի ժամանակ: Օլիվիե Դասոյի եռանդուն աջակցությամբ էին Dassault Group-ի կազմի մեջ մտնող՝ Dassault systemes ընկերության ներկայացուցիչներն այցելել Հայաստան, և արդեն իսկ ուրվագծվում էր ապագա համագործակցությունը:
Օլիվիե Դասոյի մահը մեծ կորուստ է ոչ միայն Ֆրանսիայի, այլև միջազգային գործարար և քաղաքական շրջանակների համար։
Անկեղծ ցավակցությունս եմ հղում բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին՝ իր արժանի զավակի մեծ կորստի կապակցությամբ։
Սարգսյան ընտանիքի անունից ցավակցում և զորակցում եմ իմ վաղեմի բարեկամի ընտանիքին»,- ասվում է նախագահի ցավակցական ուղերձում: