Մամուլում երեկվանից տեղեկություններ են տարածվում, թե Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում ադրբեջանցիները սահմանային չափագրումներ են կատարում. սա ևս ապատեղեկատվություն է: Մարզպետը վստահեցնում է՝ կյանքը Տավուշում ընթանում է բնականոն հունով: Սահմանին էլ աննախադեպ հանգստություն է, որևէ պատճառ չկա անհանգստանալու՝ «Լուրերին» հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ հավելելով՝ նման կեղծ ինֆորմացիայի տարածումն անհետևանք չպետք է մնա:
«Ցավում եմ հատկապես դրա համար, որ մեր ժողովուրդը, որ հանգիստ իր գործով էր զբաղված, այսօր ալեկոծված է: Իհարկե, երեկ մենք փորձեցինք առավելագույնս հանդարտեցնել ժողովրդին և մեր պատասխանը հնարավորինս հստակ և ճշգրիտ ձևով տալ էդ մարդկանց, ովքեր այդ խժդժությունները ուղղակի գցել էին ամբողջ մեդիադաշտ, բայց կարծում եմ, որ սա չի կարող անհետևանք լինել:
Սա անհետևանք չի կարող լինել և՛ ժողովրդի տրամադրությունների առումով, և՛ գործի անհաջողության առումով, որովհետև մենք հիմա ավելի քիչ հանգստություն և ավելի քիչ վստահություն ունենք մեր քայլերը անելու, և դա անհետևանք չպետք է լինի նաև այդ մարդկանց պատասխանատվության կանչելու առումով:
Մեկ անգամ գոնե մինչև վերջ մենք պետք է գնանք պատասխանատվության հրավիրելու, պատասխանատու լինելու առումով, որովհետև, ինչպես գիտեք, սա առաջին անգամ չէ, որ այս թեման դրվում է շրջանառության մեջ, բայց այսպես հուժկու և այսպես ստախոս և լկտի ձևով երբեք չէր եղել»,- ասել է Տավուշի մարզպետը: