Ազատամուտում երեկվանից մեդիա դաշտում տարածվող լուրերին են արձագանքում: Տավուշի մարզում գտնվող Ազատամուտ համայնքի հարևանությամբ Սոֆուլու, Բարխուդարլու նախկին ադրբեջանական բնակավայրերն են՝ 92-ից հայկական վերահսկողության տակ են: Երեկ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրել էր. «Հենց այս պահին ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում»։
Կյանքն Ազատամուտում հանգիստ է, անհանգստանալու պատճառ չեն նկատել՝ համայնքապետի պաշտոնակատարն է վստահեցնում:
Արթուր Բեգոյան, Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար - Այս տարածքում ռուս խաղաղապահներ կամ ադրբեջանցիներ չեն երևացել, համայնքի կյանքը բնականոն շարունակվում է, երեխաները մանկապարտեզ են հաճախում:
Վերջին պատերազմից հետո սահմանապահ մարզում շատ խնդիրներ կան լուծելու, սրանից փորձում են օգտվել, ապատեղեկություն տարածում, խախտում բնակչության անդորրը: Տավուշի մարզպետն սկսված մեդիատեռորն անթույլատրելի է համարում, նշում՝ սա անհետևանք պետք է չմնա:
Մամուլում նաև լուրեր են, թե սահմանին զորքերի շարժ, կուտակումներ են նկատվում:
Հայկ Չոբանյան, Տավուշի մարզպետ - ՊՆ-ն պաշտոնական հայտարարություն արել է արդեն: Ամեն ինչ չէ, որ սահմանի հետ կապված հրապարակման ենթակա չէ:
Տարածվող ապատեղեկության հակառակ պատկերն է Տավուշում: Մարզպետ Չոբանյանի մեջբերումն է՝ աննախադեպ ծրագրեր են իրականացվում մարզում. 6 մլրդ դրամ արժողությամբ սուբվենցիոն ծրագրով ոռոգման ցանց է կառուցվում:
Հայկ Չոբանյան - Կոռոգվեն 8000 հա տարածքներ, որից շուրջ 5000-ն անջրդի տարածքներ են: Սա կբազմապատկի մեր ունեցածը:
Սահմանը հանգիստ է, մեդիատիրույթը՝ փոթորկված, բնակիչներն էլ՝ դե իրենց գործին: