4.3 միլիոն եվրո Վանաձորում ենթակառուցվածքները զարգացնելու համար: Եվրամիության հետ դրամաշնորհային պայմանագիրը կնքվեց նախորդ տարվա վերջին: Նախատեսում են քաղաքի ներքին երթուղին սպասարկող 4 էլեկտրամոբիլ ձեռք բերել, ևս 2 էլեկտրական ավտոբուս՝ միջհամայնքային երթուղին սպասարկելու համար: Դրանք կունենան նաև տոմսավավերացման էլեկտրոնային համակարգ:
Մամիկոն Ասլանյան (Վանաձոր համայնքի ղեկավար) - ժամանակն է, որ ինովացիոն նոր տեխնոլոգիաները նաև Վանաձորի սպասարկման ոլորտներ մուտք գործեն, և մենք աստիճանաբար կարողանանք ձերբազատվել մեծ քաղաքներ այցելելու սինդրոմից: Ծառայությունները կարողանանք պարփակել Վանաձորում, որպեսզի վանաձորյան տնտեսության վրա նաև էֆեկտիվ նշանակություն ունենան մեր գործողությունները:
Քաղաքի համար առաջնահերթ կարևորություն ունեցող հասարակական տրանսպորտի հիմնախնդրից բացի նաև քաղաքի մաքրության հարցն են լուծելու: Նախատեսվում է ձեռք բերել ավլող մեքենա, մամլիչ, մաքրող-ախտահանող սարք, ինչպես նաև 300 աղբարկղ՝ աղբը տեսակավորելու համար: Թափոնների խնդիրն էլ կլուծեն պլաստիկի վերամշակման հոսքագծի միջոցով:
Մամիկոն Ասլանյան - Ամենակարևորը՝ որ մեզ համար նշանակություն կունենա թե՛ արտադրական, թե՛ նաև քաղաքի կարիքներն ապահովելու համար, աղբի վերամշակման հոսքագծերն են: Այսինքն՝ հիմնականում պլաստիկի վերամշակման և այդ պլաստիկի վերամշակումից շինանյութեր ստանալու հոսքագծեր ենք ձեռք բերելու:
«Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագիրը Վանաձորի քաղաքապետարանը մշակել է Գյումրի և Լեհական Պիլա քաղաքների հետ: Այն կիրականացվի մոտ 3 տարվա ընթացքում: 4 մլն 360.000 եվրոյից 2 մլն 700.000ը կուղղվի Վանաձորին, 1 մլն 300.000-ը Գյումրուն, մնացածը՝ լեհական քաղաքին: Ի դեպ, Գյումրին ևս նախատեսում է գումարը ծախսել քաղաքի համար էլեկտրական ավտոբուսներ ձեռք բերելու համար:
Մրցույթն արդեն հայտարարված է, շահող կազմակերպություն ունենալուն պես Հայաստանի երկու խոշոր քաղաքներում կսկսվեն ենթակառուցվածքների զարգացման աշխատանքները:
Հեղինակ՝ Տաթև Հակոբյան