Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տոնը մեր հանրության շրջանում նշվում է առանձնակի ջերմությամբ, ինչը վկայում է մեր հանրության մեջ կանանց առանձնահատուկ դերի եւ ունեցած անգնահատելի ներդրման մասին:
Կառավարության ղեկավարը ուղերձում նշում է՝ գլուխ է խոնարհում մեր զինծառայող և կամավոր կանանց հիշատակի առաջ, ովքեր 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ակնածանքի խոսքեր եմ հղում մեր այն կանանց, որոնց հերոս զավակները, ամուսիններն ու եղբայրները Արցախյան պատերազմում ընկան հերոսաբար:
Ջերմորեն շնորհավորում եմ նաև այն կանանց, որոնց որդիները, ամուսիններն ու եղբայրները այսօր էլ կանգնած են սահմաններին ու շարունակում են իրենց հայրենանվեր ծառայությունը, ու նաև այն կանանց, որոնք հենց իրենք են կանգնած եղել կամ այսօր էլ կանգնած են հայրենիքի պաշտպանության առաջնագծում:
Ըստ Փաշինյանի՝ կարևոր է արձանագրել, որ մեր երկրում դեռ շատ անելիքներ կան կանանց դերի բարձրացման, հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման համար։
Վարչապետի խոսքով՝ կանանց շնորհիվ պահպանվում են նաև ազգային լավագույն ավանդույթները, ամուր հայկական ընտանիքը:
Մեր պատմության ընթացքը ցույց է տվել, թե ինչքան ուժեղ է հայ կինը՝ մեր վերածննդի խորհրդանիշը: Իր ուղերձում ասում է հանրապետության նախագահը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան - Պատահական չէ, որ մեր արժեհամակարգում կնոջ հանդեպ վերաբերմունքը սիրո, հարգանքի ու մեծարանքի վրա հիմնված խոր արմատներ ունի: Իսկ ամենից առաջ կինն ընտանիքի և օջախի ջերմությունն ու ամրությունն է, ոգևորության ու ներշնչանքի աղբյուր:
Ազգային ժողովի նախագահը ուղերձում շեշտում է՝ կանայք անպայմանորեն զբաղեցնելու են իրենց արժանի տեղը մեր կյանքի բոլոր ոլորտներում՝ քաղաքականից մինչև տնտեսական, գիտությունից մինչև արվեստ։
ՀՀ Աժ նախագահ Արարատ Միրզոյան - Այս ճանապարհին պետությունը լինելու է ձեր կողքին՝ միասին քայլ առ քայլ հաղթահարելու առկա մարտահրավերները։ Չեմ կարող առանձնակի չշնորհավորել մեր հերոս զինվորների հերոս մայրերին, նրանց տիկնանց, քույրերին։ Սիրելի՛ մայրեր, խոսքերը երբևէ չեն հերիքելու շնորհավորելու ձեզ ձեր որդիների փոխարեն։
Հարջորդ բարեամաղթանքը կանանց հղում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Անփոխարինելի է կնոջ դերը ընտանիքի ամրության, քրիստոնեական արժեքներով և հայրենյաց ավանդներով մեր զավակներին կրթելու գործում։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ - Հետպատերազմյան այս դժվարագույն օրերին, երբ մեր երկիրը շարունակում է փոթորկվել ներքին ու արտաքին մարտահրավերներից, վստահություն ունենք, որ մեր ժողովուրդը վերստին իր խաչի ճանապարհը պիտի հասցնի մինչև հաղթական հարություն։
Կանանց տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել նաև բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ: