Մասնագիտություն, որ տոնական օր չի ճանաչում: Կանանց նվիրված օրը շտապօգնության բուժաշխատողներն ինչպես միշտ աշխատանքի են:
Արդեն 40 տարի է, ինչ տիկին Աննայի կյանքն օգնության կանչի հետքերով է ընթանում՝ անտեսելով տոնական բոլոր օրերը: Տիկին Աննան ասում է՝ երիատասարդ աղջիկ էր, ոլորտում համեմատաբար նոր, երբ իրար հաջորդեցին Սպիտակի երկրաշարժն ու Արցախյան պատերազմը: Տղամարդուն հավասար մասնագիտությունն ստիպել է դիմանալ այնպիսի տեսարանների, որոնք նույնիսկ սարսափ ֆիլմերում հաճախ չես տեսնի:
Աննա Մխիթարյան, Շտապօգնության ընդհանուր բրիգադի բուժքույր - Դաժան տեսարաններ եմ տեսել, թե ինչպես հայրը տղայի ոտքը գտած ուրախանում էր: Երբ դպրոցի ծածկը վերցրեցին, փրկարարներից մեկն ինֆարկտ ստացավ, այդ օրը մենք են իրենց բերել Սպիտակից:
24-ժամյա ռեժիմով, անքուն, առանց հանգստի աշխատանքային օրերերի մասին հիշում է նույն բրիգադի բժշկուհին: Բոլորով պայքարում էին անտեսանելի պատերազմի՝ կորոնավիրուսի դեմ:
Տաթև Հարությունյան, Շտապօգնության ընդհանուր բրիգադի բժիշկ - Կանչերը շատ են, բոլորն սպասում են, որ բժիշկը պետք է շուտ հասնի ու, ցավոք, սկսվեց պատերազմական շրջանը:
Պատմում են՝ 44-օրյա պատերազմի օրերին վիրավորին օգնության ձեռք կմեկնի կին, թե տղամարդ՝ նման հարց օրակարգում չի եղել: Տիկին Աննան Քովիդի դեմ պայքարում հոգնել, արձակուրդ էր մեկնել, բայց Արցախից լուրն իմանալուն պես չի սպասել անգամ, որ իրեն աշխատանքի կանչեն:
Աննա Մխիթարյան - Արձակուրդս անցկացրեցի ճանապարհներին Արցախ գնալուց վիրավորներ տեղափոխելով:
Տաթև Հարությունյան - Բոլորն էին պատրաստակամ, բոլորն են գնացել:
Պլաստիկ վիրաբույժի կյանքում էլ նոր փուլ սկսվեց, երբ պատերազմը վրա հասավ: Հիվանդանոցն ամբողջությամբ սկսեց սպասարկել վիրավոր տղաներին: Բժշկուհի Աստղիկն ասում է, որպես կին՝ գուցե բարդ օրեր եղել են, բայց գործը, ինչպես հարկն է, արել են:
Աստղիկ Աթաբեկյան, Պլաստիկ ռեկոնստրուկտիվ միկրովիրաբույժ - Շատ տարբեր վնասվածքներ, շատ բարդ... Երբեք մեր պրակտիկայում չէինք հանդիպել պայթյունային վնասվածքներ:
Հիմա պատերազմի հետքերը վերացնելն է իրենց հիմնական նպատակը: Յուրաքանչյուր հիվանդի ժպիտով տուն ճանապարհելն իրենց առաքելությունն են դարձրել:
Վարանդայում վիրավորում ստացած երիտասարդն արդեն 4 ամիս հիվանդանոցում է՝ հրազենային վնասվածքներն է փորձում բուժել: Չի զարմանում, որ նույնիսկ իրենց տոնին կին բժիշկներն իր կողքին են ու ասում է՝ սա ևս վկայում է, որ ոտքի է կանգնելու: Վիրավոր ձեռքը բուժելուց հետո խոստանում է. որ իր ձեռքով ծաղիկներ կբերի: