ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է կանանց տոնը:
«Սիրելի՛ կանայք, աղջիկներ,
Այսօր Հայաստանում և բազմաթիվ երկրներում նշվում է Կանանց միջազգային օրը։ Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ գարնանաշունչ այս տոնի կապակցությամբ:
Ձեր սերն ու հոգատարությունը, բարությունն ու քնքշությունն աշխարհն ավելի լավն են դարձնում, մեղմում են դժվարություններն ու օրհասական խնդիրները: Անուրանալի են ձեր դերն ու ջանասիրությունը՝ ուղղված մեր հայրենիքի բարօրությանը, սերունդների կրթադաստիարակչական հսկայական աշխատանքին, արժանապատիվ և ազգային արժեքներով ապրող քաղաքացի կրթելուն։
Շնորհակալ ենք ձեզ անվերապահ աջակցության, նվիրումի և տարբեր ոլորտներում հայրենանվեր գործունեության համար։ Դուք մեր կրթական ոլորտի վստահելի հենքն եք, ձեզնով արվեստն ու մշակույթն ավելի են բյուրեղանում, իսկ մարզական հաղթանակներն ու նվաճումները հպարտանալու շարունակական առիթներ են։
Մաղթում եմ ձեզ երջանկություն, ստեղծելու և արարելու անսպառ եռանդ, սեր և ջերմություն»,- ասված է ՀՀ ԿԳՄՍ նախարարի խոսքում։