Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցում տեղի ունեցավ մարզաձևի մեծահասակների Հայաստանի առաջնությունը: Սուսերամարտիկները մրցումային երկու օրերի ընթացքում հնարավորություն ստացան պայքարելու Հայաստանում լավագույնի կոչման, ինչպես նաև հավաքականում իրենց տեղն ապահովելու համար:
Առջևում Կահիրեի միջազգային ստուգատեսն է: Արժանիորեն ներկայանալու համար սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիան այս առաջնության անցկացմամբ փորձում է հասկանալ, թե ովքեր են իրենց լավագույն մարզավիճակում:
Մրցումային երկու օրերի ընթացքում կանայք և տղամարդիկ մրցեցին թրասուսեր, խոցասուսեր և ճկասուսեր զենքաձևերում: Առաջնությանը մասնակցում էին նաև առաջատարները՝ խոցասուսեր զենքաձևում Էմմա Պողոսովան ու Էդուարդ Հովիկյանը, ճկասուսերում՝ Մայքլ Հովհաննիսյանը:
Հատկապես հետաքրքիր ստացվեց կանանց միջև խոցասուսերի եզրափակիչը: Հավաքականի առաջատար, բարձրահասակ Էմմա Պողոսովայի դեմ մարտուղայակ էր դուրս եկել Նորագավիթի մարզադպրոցի պատանի սան Անահիտ Նավասարդյանը: 2008 թվականին ծնված Անահիտին կազմակերպիչները բացառության կարգով էին թույլատրել մասնակցելու առաջնությանը:
Սպասումներն արդարացան և նա հայտնվեց եզրափակչում, որտեղ, սակայն, ուժեղ գտնվեց շատ ավելի փորձառու Էմմա Պողոսովան: Վերջինիս համար այս մրցումները շատ լավ առիթ էին նախապատրաստվելու գալիք միջազգային ստուգատեսերին, որոնց թվում լինելու է նաև Օլիմպիական վարկանշային մրցաշար՝ նախատեսված Մադրիդում:
Հայ սուսերամարտիկների համար տևական դադարից հետո Հայաստանի առաջնությունը դարձավ առաջին լուրջ ստուգատեսը: Մինչև Եգիպտոս մեկնելը սպասվում է, որ սուսերամարտիկները կանցկացնեն նաև մարզական հավաք Ծաղկաձորում կամ Գյումրիի սուսերամարտի մարզադպրոցում: