«Զանգակ» գրատան կամերային ցուցասրահը ներկայացնում է ծաղկողների նոր սերնդի 5 տասնյակից ավելի ստեղծագործություններ։ Փոքրիկ ծաղկողները մինչև 12 տարեկան երեխաներ են, որ ոգեշնչվել են միջնադարյան հայ մանրանկարչության հայտնի ծաղկողների ու դպրոցների՝ Կիլիկյան, Արցախ-Ուտիքի ձեռագիր գլուխգործոցների նկարազարդումներից։
Արդեն 4 տարի է, ինչ Մատենադարանի «Մաշտոց» հիմնադրամի նախաձեռնությամբ գործող «Ծաղկելու արվեստ» ստուդիան մանրանկարչության, գրքի նկարազարդման ու գեղագրության արվեստի գաղտնիքներին է ծանոթացնում շնորհալի փոքրիկներին։ 6 տասնյակից ավելի երեխա այս ստուդիայում յուրացրել է ոչ միայն բարդ արվեստի գաղտնիքները, այլև ընկալել ազատ մտքի և իմպրովիզացիայի անհրաժեշտությունը։
Ստուդիայի 4-ամյա պատմությունը վկայում է, որ չնայած բարդ և խիստ աշխատատար ընթացքին՝ մանրանկարչությունը մեծ ձգողականության ուժով հրապուրում է երեխաներին։
Դասընթացի ավարտին փոքրիկներն իրենք են ստեղծում իրենց գրքերը՝ նկարազարդում են այն և աշխատում կազմի վրա։ 12-ից բարձր տարիքի սաներն էլ արդեն թվային մանրանկարչության նմուշներ են ստեղծում։
Դասընթացների ընթացքում Մատենադարանի մասնագետները ստուդիայի սաներին ծանոթանում են մանրանկարչության պատմությանը, ձեռագիր մատյանների վերականգնման գաղտնիքներին և, իհարկե, այն արժեհամակարգին, որ հայերիս մոտ գրքի հանդեպ պաշտամունք է ձևավորել։ «Ծաղկելու արվեստ» ստուդիայի սաներն այդ արժեհամակարգի ժառանգորդներն են։