1988 թվականին, երբ գյուղը վերակառուցեցին, Արեգնադեմի միջնակարգ դպրոցին բաժին հասավ երեք տուն՝ իրար հարևանությամբ։ Հարմարեցրին որպես դպրոց ու խոստացան երկու-երեք տարում նոր շենք կառուցել։ Խոստումը, սակայն, ավելի քան 30 տարի փոխանցիկ ծրագիր դարձավ։ Տներում հարմարեցված դասասենյակներում՝ նավթի վառարանի կողքին, մի քանի սերունդ է կրթվել:
Դասասենյակների թիվը փոքր է, դասարանները կոմպլեկտավորվում են, գյուղում կան ընտանիքներ, որոնք երեխաներին դպրոց են ճանապարհում Ամասիա, Գյումրի: Չնայած այս ամենին՝ դպրոցում աշակերտների թիվն աճել է։
Բարեկարգ շենք ունենալու հույսը դպրոցում և գյուղում չեն կորցնում։ Չնայած որ 2020-ի կորոնավիճակագրությունը և պատերազմը զգալի վնաս հասցրին տնտեսությանը, ծրագրերը չեն փոխվել՝ ասում է դպրոցի տնօրենը և հավելում՝ մարտին շինմրցույթ է նախատեսված։
Շենքը դպրոցից քիչ հեռու կկառուցվի, գյուղի կենտրոնում։ Գյուղապետն ասում է՝ նախագիծը տեսել է, հավանել։ Գյուղում գազ չկա, նոր շենքում նաև ջեռուցման հարցը կլուծվի՝ արևային կայանի կառուցմամբ։
Դպրոցը կկառուցվի 100 աշակերտի համար, հույս ունեն, որ բնական աճը Արեգնադեմում կպահպանվի։
Մինչև դպրոցը 100 աշակերտի հասնի, դասասենյակներից երկուսը կօգտագործեն որպես մանկապարտեզ՝ լուծելով նաև մինչև վեց տարեկանների հարցը։ Ըստ նախնական պլանի՝ շինարարությունը կսկսվի ամռանը, մինչև 2022-ի սեպտեմբեր կավարտվի։