Ադրբեջանում պահվող բոլոր հայերը ռազմագերի են. Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Նիկո Սխերմերսն է հայտարարում:
Նիկո Սխերմերս, Հայաստանում Նիդեռլանդների դեսպան - Ադրբեջանում պահվող բոլոր հայերը Նիդեռլանդների կողմից ճանաչվում են որպես պատերազմի գերիներ: Նիդեռլանդները շատ փոքր դերակատարում ունի ԼՂ հակամարտության լուծման գործում, և մենք մեր ջանքերը ներդնում ենք Բրյուսելի միջոցով կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:
Մեր գերիների վերադարձի ու ճակատագրի հստակեցման մասին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը լրացնում է դիվանգետ գործընկերոջ ասածը:
Անդրեա Վիկտորին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան - Եվրամիությունը շատ հստակ ներկայացրել է իր տեսակետը և հրապարակել է խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտության մասին հայտարարություն: Դա նաև ներկայացվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում:
Եվրոպացի պատվիրակներն այս մասին խոսել են կանանց ստեղծարար ներուժի ցուցահանդես-վաճառքին: Այն մի հարկի տակ էր հավաքել մարզերում ու Երևանում փոքր բիզնես ունեցող տիկնանց: Մեկը Վայոց Ձորի իր գինին է ներկայացնում, մյուսը՝ ձեռագործ աքսեսուարներ, խաղալիք, ընդհուպ՝ հայկական չրերով շոկոլադ:
Կինն սթրեսից ավելի շուտ է կարողանում դուրս գալ՝ նկատում է Անդերա Վիկտորինը: Ասում, որ դրա համար են կանանց միջոցով պատկերացնում հետպատերազմական Հայաստանի տնտեսական հզորացումը: Պատերազմի դժբախտացրած բոլոր ընտանիքները պետք է հավաքեն ուժերն ու վերագտնեն ապրելու իմաստը՝ Արցախի բարբառով խոսող իր պայուսակները ներկայացնում-խորհուրդ է տալիս Սղնախի հայրական տուն վերադառնալ այլևս չկարողացող Սարինեն:
Երիտասարդ կնոջ մոտեցումը, թե աշխատելը, ինքնամոռաց աշխատելն է փրկում չմտածել սարսափների մասին, որի միջով շատերը ստիպված եղան անցնել: Հելունագործ խաղալիքների գնորդ փնտրող Ստելային չեն սփոփում: Տոնն այս տարի նրա աչքին շատ տխուր է, մաղթանքը՝ համբերությունն է:
Մարզային ծրագրերի շարքում Բրյուսելը Հայաստանում այս տարի կունենա նաև արցախցի կանանց աջակցող նախագծեր՝ միջոցառմանը հայտարարեցին եվրոպացի հյուրերը: Հիշեցրին՝ մարտի-8-ը Եվրոպայում առաջնահերթ գենդերային հավասարության, կնոջ և տղամարդու աշխատանքի ու գումար վաստակելու հավասար հնարավորության համար պայքարի օր է: