Երկուշաբթի ավարտվեց Հռոմի Ֆրանցիսկոս պապի առաջին այցը Իրաք՝ հայտնում է interfax-ը:
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդին Բաղդադի միջազգային օդանավակայանում ճանապարհել են երկրի նախագահն ու նրա տիկինը:
Հովվապետն Իրաք է այցելել՝ անտեսելով այդ երկրում COVID-19 վարակի նոր բռնկումն ու անվտանգության հետ կապված մտահոգությունները:
Չորս օրվա ընթացքում մայրաքաղաք Բաղդադից բացի Հռոմի սրբազան քահանայապետը եղել է Մոսուլ, Էրբիլ և Նաջաֆ քաղաքներում՝ անցնելով ավելի քան 1,4 հազար կմ, հանդիպել Իրաքի շիաների հոգևոր առաջնորդ, մեծ այաթոլլա Ալի ալ-Սիսթանիի հետ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը 2019-ին էր ծրագրել Իրաք այցելել, բայց համաճարակի պատճառով այն հետաձգվեց:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարևորել է Հռոմի պապի դերը միջկրոնական փոխըմբռնման գործում և նրա այցը Իրաք համարել պատմական:
Ի դեպ, Ֆրանցիսկոսը Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջին ղեկավարն է, որ այցելել է Մերձավոր Արևելքի այդ երկիր: