Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մահմուդ Աբբասզադե Մեշկինին շեշտել է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի միջոցով Իրանի տնտեսական անկախության ամրապնդման անհրաժեշտությունը: «Խանեյե Մելլաթ» լրատվական գործակալության հետ հարցազրույցում նա ասել է. «Եվրամիությունն ու Արևմուտքը տմարդորեն բոյկոտեցին Իրանին ու շարունակեցին այդ քաղաքականությունը, ուստի մենք պետք է աշխարհի հետ մեր առևտուրը շարունակենք այլ ձևով»:
Պաշտոնյան նշել է. «ԵԱՏՄ անդամների շահերը պահանջում են առևտրային հարաբերություններ հաստատել Իրանի հետ, և Թեհրանը պետք է օգտագործի այս հնարավորությունը»: ԵԱՏՄ առաջին ցուցահանդեսը կանցկացվի 2021 թվականի մայիսի 18-ից 21-ը՝ Թեհրանի միջազգային ցուցահանդեսային կենտրոնում: Մասնակցելու են Իրանի, Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները: