Եվրոպայի խորհրդարանի պատգամավոր, Կիպրոսի ներկայացուցիչ Կոստաս Մավրիդեսի նախաձեռնությամբ բոլոր հիմնական խմբակցությունների 30 պատգամավոր hրատապ հարցում են հղել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով Բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին: Եվրապատգամավորները ցանկանում են իմանալ, թե ԵՄ-ն ինչ հստակ քայլեր է ձեռնարկել Ադրբեջանի գերեվարած հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց, այդ թվում՝ քաղաքացիների և կանանց վերադարձն ապահովելու համար: «Ադրբեջանը շարունակում է բազմաթիվ հայ ռազմագերիների անազատության մեջ պահել՝ չնայած 2020 նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությանը, որն ամրագրում է բոլոր ռազմագերիների և պահվող անձանց վերադարձը»,- նշել են պատգամավորները:
Եվրապատգամավորները նաև հարցում են հղում ԵՄ Բարձր հանձնակատարին, թե ինչ կոնկրետ քայլեր է ձեռնարկել ԵՄ-ն՝ հայ ռազմագերիների հարցի չարաշահումը և քաղաքական նպատակների համար շահագործումը կանխելու և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից նրանց այցելությունն ապահովելու համար: Եզրափակելով՝ Եվրապատգամավորները հետաքրքրվել են, թե արդյոք ԵՄ-ն Ադրբեջանից հայցե՞լ է իրեն փոխանցել հայ ռազմագերիների հստակ թիվը, և եթե այո, ապա ի՞նչ տեղեկություն է տրամադրվել: