«Ի՞նչ է ուզում կինը» հռետորական հարցին կանանց միջազգային օրն այս տարի պատասխանների փոքր-ինչ այլ տարբերակներ են հնչել՝ ուզում ենք տուն գնալ, ուզում ենք հինդանոցում չլուսացնել, ուզում ենք պաշտպանիչ հանդերձանքներից ազատվել: Տարբեր ազգության, դավանանքի, մասնագիտության մի խումբ կանանց կյանքն ու երազանքները համավարակը գլխիվայր շրջեց:
Անգլիացի Ժոքլինների ընտանիքում այս մարտի 8-ին չեն եղել նվերներ, ծաղիկներ, Ռոբին մայրիկին շնորհավորել է հեռախոսով. երկուսն էլ աշխատում են օր ու գիշեր՝ կորոնավիրուսով վարակվածների հիվանդանոցում: 53-ամյա Ջեքին արդեն 30 տարի աշխատում է որպես բուժքույր՝ Լոնդոնի հիվանդանոցներից մեկում. թագավարակը խլել է կնոջից սիրելիներին տեսնելու, նրանց հետ ժամանակ անցկացնելու, գիշերը երկար քնելու հնարավորությունը: Երիտասարդ աղջիկը, տեսնելով մայրիկի գերլարված առօրյան, որոշել է թողնել Լիվերպուլի համալսարանում բիզնեսի ոլորտում կրթությունն ու դառնալ բուժքույր՝ մարդկանց մի փոքր օգնելու նպատակով:
«Երբ դեկտեմբերին սկսեցի աշխատելը, ամեն բան այնքան վատ էր: Դու հասկանում ես, որքան ուժեղ ես, որքան բան կարող ես անել հարյուրավոր մարդկանց օգնելու համար: Ես ուզում եմ, որ ես, իմ մարիկը, բոլոր կանայք շատ առողջ լինեն, որ կարողանան սիրել ու հոգ տանել նաև մյուսների մասին»,- ասում է նա:
Առողջապահական ոլորտում աշխատող կանանց մարտիության երազանքներն իրար նման են՝ բոլորի ցանկություններն ու նպատակները հյուսվել են կորոնավիրուսի շուրջ՝ «Ամեն օր տուն գնալն է իմ երազանքը: Աստծուց միայն դա եմ խնդրում», «Ախր վերջին 12 ամիսն այնքան ծանր էր մեզ համար», «Երբեք չեմ մոռանա այն, ինչ արել եմ, այն ինչ տեսել եմ ու այն, ինչ զգացել եմ», «Ամենադժվարը մարդու աչքերի մեջ նայել, նրան անգամ ապրելու հույս տալ չկարողանալն ու ստելն է», «Մենք այս տարի այլ երազանք չունենք՝ ուզում ենք վերջանա կորոնավիրուսը», «Ուզում ենք տուն գնալ, մեր սիրելիների մոտ», «Ուզում ենք ծաղիկներ, համբույրներ ու նվերներ»...
Իսկ Ռուսաստանում կանայք գտել են ամուր իմունիտետ ունենալու գաղտնիքը. կարծում են՝ կինը պարտավոր է հետևել իր առողջությանն ու կոփել մարմինը: Բազմաթիվ կանայք, անտեսելով ռուսական սառնամանիքը, լողազգեստներով մրցավազքի են դուրս եկել, սառույցի վրա մի լավ վազելուց հետո տեղափոխվել են սառցաջրի մեջ:
Առանց սեռին բնորոշ առանձնահատկությունները քննարկելու՝ ռուսաստանցի զինվորները կանանց շնորհավորելու յուրահատուկ տարբերակներ են գտնել՝ երկնքում, մետրոպոլիտենում, առևտրի կենտրոններում: Ռուսաստանյան ծաղկի շուկաներում էլ այս տարի ռեկորդային թվով ծաղիկ է վաճառվել:
Ալժիրում էլ ուժը կանայք փորձում են ռինգում: Ալժիրցի կանայք համոզված են՝ այս տոնը հիանալի առիթ է բացասական էմոցիաներից ազատվելու համար, լավագույն տարբերակն էլ բռնցքամարտի մրցաշարեր կազմակերպելն է: Ալժիրում մարտի 8-ը նշելու յուրահատուկ ավանդույթներ կան: Հյուսիսում գտնվող Տիզի Ուզու քաղաքում կանայք տոնական հանդերձանքով են՝ ազգային տարազներ, զարդարանքներ: Մարտի 8-ի տոնախմբությունների ժամանակ ընդունված է նաև հարսանիքների անցկացումը:
Շնորհավորանքների ու տոնախմբությունների կողքին աշխարհի բազմաթիվ երկրներում կանայք այս տոնն օգտագործել են իրենց խնդիրների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու համար: Ցուցարարների բողոքները մի շարք ընդհանրություններ են ունեցել՝ կանայք դժգոհ են անհավասար իրավունքներից, գենդերային խտրականությունից, աշխատանքային պայմաններից, հասարակական ընկալումից և այլն: